Գարեգին Բ-ն ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի հետ քննարկել է միջկրոնական երկխոսությանը եւ կրթական համատեղ ծրագրերին առնչվող հարցեր
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օգոստոսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետը ողջունել է դեսպանի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն, նշանակման առիթով շնորհավորել տիար Ռեիսիին` մաղթելով արդյունավետ առաքելություն Հայաստանում:
Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատել է, որ երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները սերտ են, իսկ երկրների համագործակցությունն ընդգրկում է նորանոր ոլորտներ: Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաեւ Մայր Աթոռի եւ Իրանի դեսպանատան միջեւ ձեւավորված կապերին եւ համագործակցությանը մասնավորապես միջմշակութային ու միջկրոնական երկխոսության զարգացման եւ կրթական համատեղ ծրագրերի իրականացման գործում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս դեսպանի սրտակցություն է հայտնել Իրանի իշխանություններին վերջին օրերին Իրանում տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով տեղ գտած ավերածությունների եւ բազմաթիվ զոհերի համար:
Իր հերթին Իրանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայ Եկեղեցու, հայոց պետության ու ժողովրդի վշտակցության եւ ցուցաբերված օգնության համար: Հանդիպմանը Նորին Սրբությունն ու Իրանի դեսպանը խոսել են նաեւ իրանահայ համայնքի, դեպի հայկական սրբավայրեր կատարվող ուխտագնացությունների, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության պահպանության գործում հոգեւոր առաջնորդների կարեւոր դերակատարության մասին: Մասնավոր անդրադարձ է կատարվել Սիրիայում տիրող իրավիճակին:
«Տեղյակ ենք, թե ինչպիսի դժվարությունների է դիմագրավում Սիրիայի ժողովուրդը, որի անբաժան մասն է կազմում պատմական սիրիահայ համայնքը. ընդհատվում են մարդկային կյանքեր, ավերվում են տներ եւ սրբավայրեր: Չարիք է պատերազմը եւ Աստծու դեմ գործվող մեղք: Աղոթող ենք, որ խնդիրները գտնեն իրենց շուտափույթ հանգուցալուծումը եւ վերականգնվի ժողովրդի խաղաղ եւ ապահով կյանքը»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` վերստին մտահոգություն հայտնելով ստեղծված կացության առնչությամբ: