Միջազգային

Հալեպի ազգային առաջնորդարանում իրավիճակը հանգիստ է

3 րոպեի ընթերցում

Հալեպի ազգային առաջնորդարանում իրավիճակը հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սիրիկահայերը կասկածի տակ են առնում համացանցում տարածված տեսանյութի իսկությունը, որում, ընդդիմադիրները հայտարարում են, իբր, գրավել են Հալեպի Ժդիյդե թաղամասի հրապարակը, որը Կիկիլյան վարժարանից 100 մետր եւ Հալեպի ազգային առաջնորդարանից 400 մետր հեռավորության վրա է գտնվում: Առաջնորդարանի հետ կապ հաստատել «Արմենպրես»-ին չհաջողվեց.հեռախոսակապը եւ համացանցն այնտեղ կրկին անջատված են:Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, սակայն, տեղեկացանք, որ առաջնորդարանում եւ դրա հարակից վայրերում ամեն ինչ հանգիստ է, հայկական թաղամասի գրավված լինելու եւ առաջնորդարանը վերահսկողության տակ վերցնելու տեղեկություններ չկան: «Ամեն ինչ խաղաղ է, բայց մտահոգությունները չեն դադարում»,-հայտնեցինԿիլիկիո կաթողիկոսությունից:

Ընդհանուր առմամբ, իրավիճակը Հալեպում շարունակում է լարված մնալ, եւ բախումները կառավարական ուժերի ու ընդդիմադիրների միջեւ շարունակվում են: Հալեպահայերի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հայկական թաղամասերում լսելի են ռումբերի ձայները, սակայն ռազմական գործողություններ այնտեղ չեն ծավալվում:Շատացել է Հալեպից դուրս գալ ցանկացողների թիվը: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր մինչ այժմ չէին մտածում Հալեպից հեռանալու մասին, սկսել են մտածել Հայաստան մեկնելու ուղղությամբ, իսկ արդեն Հայաստանում գտնվողները մտածում են երկարաձգել մնալու ժամկետը: Տեղեկություններ կան այն մասին, որ բավական մեծ է Հորդանան եւ ԱՄՆ մեկնողների թիվը:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Սիրիայի զինված ուժերը Հալեպի թաղամասերում շարունակում են հետապնդել զինված խմբավորումներին:Ստացված տեղեկությունների համաձայն` զինված ուժերը շարունակում են Սեյֆ ադ Դաուլա թաղամասը մաքրել զինյալներից, նրանցից շատերը սպանվել են, բռնագրավվել են զենքերը:

Բուսթան ալ Կասր թաղամասի ալ Քարամա դպրոցում եւ Սուքքար մզկիթի մոտակայքում հայտնաբերվել են զինյալների երկու խմբավորումներ: Տեղի ունեցած բախումների հետեւանքով խմբավորումները ոչնչացվել են:Ժդիյդե թաղամասի ալ Կասսաբ եւ աս Սուֆ շուկայի մոտակայքում եւս տասնյակ զինյալներ են սպանվել:Բախումներ են տեղի ունեցել նաեւ Հալեպի Կաստալ ալ Հարամի, Կաստալ Մուշտ, աշ Շաբուրա թաղամասերում եւ աթ Թանանաիր հրապարակում, որի հետեւանքով զինված խմբավորումները մեծ կորուստներ են կրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում