Արամ Ա-ն ընդունել է Լիբանանի Օգնության Խաչի վարչությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Բիքվայայի վանքում օգոստոսի 16-ի առավոտյան ընդունել է Լիբանանի Օգնության Խաչի նոր շրջանային վարչությանն ամբողջական կազմով: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ վարչությունը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել իր առաջիկա ծրագրերը: Դրանցում կարեւոր տեղ են գրավում հայ վարժարանների աշակերտների, կարիքավոր ընտանիքների օգնությունը, ծերերի խնամքը, ինչպես նաեւ Ընկերաբժշկական կենտրոնի լայն գործունեությունը:
Վեհափառ Հայրապետը մեծապես գնահատել է Օգնության Խաչի կողմից կատարված մարդասիրական եւ ընկերական նվիրյալ աշխատանքը: Նա հիշեցրել է Վարչությանը, որ «որեւէ ծեր, հիվանդ, տկար, որբ չպիտի մնա անտեր»:
«Հայ ազգն ու եկեղեցին է նրանց պաշտպանը: Հավաքական ջանքերով մենք պետք է անենք հնարավորը` սատար կանգնելու մեր օգնության կարիքն ունեցողներին»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:
Նա նաեւ ընդգծել է սիրիահայությանն օժանդակելու հրամայականը: