ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը շարունակում են կատարել իրենց պարտականությունները` պաշտպանելով հայրենիքի եւ քաղաքացիների անվտանգությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինված ուժերը շարունակում են Հալեպի որոշ թաղամասերում եւ մոտակա գյուղերում հետապնդել զինված խմբավորումներին` մեծ վնասներ հասցնելով նրանց: Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Հալեպում այժմ կենտրոնացել են 20 հազար զինվորներ:
Բախումներ են գրանցվել Հալեպի Սեյֆ ադ Դաուլա թաղամասի ծայրամասում, որի հետեւանքով զինված խմբավորումների անդամներ են զոհվել, ոչնչացվել են նրանց մեքենաները:
Զինյալները մեծ կորուստներ են կրել նաեւ Հալեպի Սաբաա Բահրաթ, Բաբ ան Նասր, Քաֆր Բասսին թաղամասերում: Հալեպի հյուսիսում գտնվող Քաֆր Համրա շրջանում Սիրիայի կանոնավոր բանակը ոչնչացրել են ահաբեկիչների ավելի քան 12 մեքենաներ` լի տարբեր տեսակի զենքերով:
Բախումներ շարունակվում են նաեւ Դամասկոսի հարակից շրջաններում: Հատուկ ծառայության աշխատակիցները տեղացիների հետ համագործակցության արդյունքում Բասաթին առ Ռազի շրջանում հայտնաբերել են զինյալների թաքստոցները:
Դամասկոսի մոտակայքում գտնվող Աթ Թել գյուղում տեղի ունեցած պայքարի արդյունքում զոհվել են զինյալների հայտնի ղեկավարները:
Լարվածություն է նկատվում նաեւ Դարաայում եւ մոտակա գյուղերում, ինչպես նաեւ Հոմսում: Հոմսի շրջանի Հալյաթ, Էլդին եւ ալ Արիդա հսկիչ-անցագրային կետերում զինված խմբավորումները փորձել են Լիբանանից մտնել Սիրիայի տարածք, սակայն փորձերը կանխվել են: Նրանցից մի մասը սպանվել է, շատ քչերին հաջողվել է փախուստի դիմել դեպի Լիբանան: