Ֆիլիպինների ԱԳ նախարարն ընդունել է Երևան այցելելու Նալբանդյանի հրավերը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆ ՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 15-ին պաշտոնական այցով եղել է Ֆիլիպինների Հանրապետությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ ԱԳ նախարարի այցելությունն մեկնարկել է Ֆիլիպինների Ազգային հերոս Խոսե Ռիզալի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ, որից հետո Մանիլայի քաղաքապետ Ալֆրեդո Լիմը Էդվարդ Նալբանդյանին հանձնել է քաղաքի խորհրդանշական բանալին:

Մանիլայում Հայաստանի արտգործնախարարին ընդունել է Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Աքինոն:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Ֆիլիպինների նախագահը կարևորել է դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի տարում երկկողմ հարաբերություններին նոր լիցք տալու Հայաստանի նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ ՀՀ արտգործնախարարի առաջին այցելությունը Ֆիլիպիններ նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Ֆիլիպինների ղեկավարին փոխանցել է Հայաստանի Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, և ընդգծել, որ իր այցելության նպատակը ասիական տարածաշրջանում կարևոր դերակատարություն ունեցող երկրի՝ Ֆիլիպինների հետ համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելն է և որ Ֆիլիպինների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ բանակցությունների ընթացքում դրա վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Ֆիլիպինների նախագահը Հայաստանի արտգործնախարարին պատմել է երկրում իրականացված քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների արդյունքների և այդ ոլորտներում իրագործվող ծրագրերի մասին:

Արտգործնախարար Նալբանդյանը նախագահ Աքինոյին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումները:

Զրույցի ընթացքում մանրամասն անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Նույն օրը ավելի վաղ կայացել էին Էդվարդ Նալբանդյանի և Ֆիլիպիննների արտաքին գործերի քարտուղար Ալբերտ դել Ռոսարիոյի բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը հանգամանալից քննարկում են ունեցել երկկողմ համագործակցության նպատակով ձեռնարկվելիք քայլերի, ասիական, կովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Հայ-ֆիլիպինյան փոխգործակցության ակտիվացման նպատակով նախարարները պայմանավորվել են գործուն քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական հարաբերությունների, մշակութային փոխանակումների խթանման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման ուղղությամբ:

Քննարկվել են ներդրումների խրախուսման, գիտակրթական, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, շինարարության, տուրիզմի ոլորտներում փոխգործակցության ձևավորման հնարավորությունները:

Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտ դել Ռոսարիոն մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Այս ենթատեքստում Ֆիլիպինների ԱԳ նախարարը ներկայացրել է իր երկրի մոտեցումները ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային զարգացումների և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Իր հերթին նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը տեղեկացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մասին:

Հայաստանի և Ֆիլիպինների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես՝ մերձավորարևելյան իրադարձություններին:

Բանակցություններից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտ դել Ռոսարիոն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ֆիլիպինների Հանրապետության արտաքին գործերի դեպարտամենտների միջև փոխըմբռնման հուշագիրը» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագիրը»:

Երկու երկրների հարաբերությունների զարգացման նպատակով քայլերի շարունակականությունն ապահովելու նպատակով Ալբերտ դել Ռոսարիոն ընդունեց Էդվարդ Նալբանդյանի՝ Երևան պատասխան այց կատարելու հրավերը:

Հայերեն English Русский

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին․ քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 10/06/26