ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում արդեն երրորդ օրն է շուրջօրյա էլեկտրականության մատակարարումը վերականգնված է, գործում է նաեւ համացանցը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ հալեպահայերի ֆեյսբուքյան էջից:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Սիրիայի զինված ուժերը շարունակում են Հալեպի թաղամասերում եւ մոտակա գյուղերում հետապնդել զինված խմբավորումներին: Հալեպի Սուկ ալ Հալ շուկայի մոտակայքում հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են տասնյակ ապստամբների, կան զոհեր եւ վիրավորներ:
Հալեպի Քաֆր Համրա թաղամասում զինված ուժերը կանխել են ապստամբների հարձակումը:
Բախումներ են տեղի ունեցել Շիֆաա հիվանդանոցում եւ Ալ Քիֆահ դպրոցում գաղտնի բնակություն հաստատած ապստամբների հետ, որի հետեւանքով խմբավորման անդամների մեծ մասը ոչնչացվել է, ինչպես նաեւ բախումներ են տեղի ունեցել Հալեպի Աբդ ալ Ռահման ադ Դախիլիա, Ալ Բաբ, Բուսթան ալ Կասր թաղամասերում: