ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը հանդարտ է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ հալեպահայերի ֆեյսբուքյան էջից:Նրանց խոսքով` Հալեպ քաղաքում ինտերնետը եւ բջջային հեռախոսակապն աջատվել են դիտավորյալ, որպեսզի կառավարությունը կարողանա ընդդիմադիրների միջեւ հաղորդակցությունը խափանել, ինչպես նաեւ գաղտնի պահել բանակի գործողությունները: Կառավարության այս քայլը նպատակաուղղված է նաեւ միմյանց տեսանյութ կամ նկար ուղարկելը դժվարացնելուն: Հալեպահայերը դեռեւս չգիտեն` կօգնի արդյոք այս քայլը սիրիական զինված ուժերին, քանի որ, նրանց կարծիքով, ընդդիմադիրներն ունեն գերարդիական հաղորդակցության միջոցներ:
Հալեպցիները վկայում են այն մասին, որ օդանավակայան տանող ճանապարհի անցակետի վրա, Սիրիայի ազատ բանակի դրոշից բացի, երեւում է նաեւ Ալ Կաիդայի դրոշը: Ընդդիմադիր աղբյուրները տարածել են, որ Հալեպի օդանավակայանը փակվել է: Լուրը, սակայն, ոչ պաշտոնական է: Հալեպահայերը միայն նշում են, որ տարբեր երկրների ընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի Սիրիա:
Ավելի վաղ տեղեկություններ են ստացվել, որ Հալեպում էլեկտրականությունն արդեն վերականգնվել է: