ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում շարունակվում են բախումները, եւ օգոստոսի 11-ի առավտյան Սիրիայի հատուկ ծառայության մարմինները կանխել են Հալեպի ալ Ֆեյդ թաղամասում ապստամբների հարձակման փորձը` մեծ կորուստներ պատճառելով նրանց:Բախումներ են տեղի ունեցել նաեւ Հալեպի Խալիդիա թաղամասում եւ մոտակա գյուղերում, որտեղ ապստամբները կրկին մեծ վնասներ են կրել:
Հալեպ քաղաքում տեղի ունեցած ռմբակոծության բեկորները հասել են մինչեւ Հալեպի Բերիո թեմի ազգային առաջնորդարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, մոտակա թաղամասերում տեղի ունեցած ռմբակոծությունից ռումբի բեկորները հասել են առաջնորդարանի շենք: Էլմաջյանի խոսքով` բարեբախտաբար զոհեր չկան, իսկ նյութական վնասները բավական քիչ են:
Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից «Արմենպրես»-ըտեղեկացավ, որ ռումբի բեկորներից կոտրվել են առաջնորդարանի լուսամուտների ապակիները. առաջնորդարանն այժմ անվտանգ է:Հալեպահայերը նշում են, որ ռումբի բեկորներն ընկել են օգոստոսի 10-ին` ընդմիջման ժամին, այդ իսկ պատճառով այնտեղ ոչ ոք չի եղել: