Միջազգային

Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը հանդարտ է

2 րոպեի ընթերցում

Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը հանդարտ է

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի զորքերը շարունակում են հետապնդել զինված ապստամբներին` վտարելով նրանց Հալեպ քաղաքի թաղամասերից:Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դրսում կրակոցներ կան, աղմուկ է, սակայն իրավիճակը բավականին հանգիստ է: Նախորդ օրերի համեմատ իրավիճակը բարելավվել է: «Հալեպում հայեր ապրում են ամենուրեք` մի տեղ ավելի շատ կամ ավելի քիչ: Հայաշատ թաղամասերում եւս դրությունը հանդարտ է»,-ասաց Ռեիսյանը:Հաճախ էլեկտրականությունն է ընդհատվում, որոշ թաղամասերում ներկայում էլ էլեկտրականություն չկա: Եթե դրսում բախումներ չեն լինում, մարդիկ տներում չեն փակվում եւ դուրս են գալիս փողոց:

Հալեպահայերը ֆեյսբուքյան էջում նշում են, որ ապրում են լարված եւ սպասողական վիճակում:

Հալեպի Սալահ ադ Դին թաղամասից ընդդիմադիրները նահանջել են եւ դուրս եկել այնտեղից: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հաստատում է, որ կառավարական ուժերը լիովին վերահսկողություն են հաստատել Սալահ ադ Դին թաղամասում: Գրանցվել են տասնյակ զոհեր:Հալեպի Բուսթան ալ Բաշա, Բաբ Նիրաբ եւԴուար Աղյուր թաղամասերում եւ Աս Սիջեն փողոցում տեղի ունեցած բախումների հետեւանքով եւս մեծ թվով ապստամբներ են զոհվել:

Բախումներ են գրանցվել նաեւ Հոսմի շրջանում, մասնավորապես Թել Քելյահ շրջանում, որտեղ կանխվել է Լիբանանի տարածքից ահաբեկիչների ներխուժումը Սիրիա:

Սիրիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ են զոհվել այդ երկրում մեկ տարուց ավելի շարունակվող բախումների արդյունքում: Օրերս Հալեպի հայկական համայնքի երկու ներկայացուցիչ զոհ գնացին քաղաքը զինյալ ընդդիմադիր խմբավորումներից պաշտպանելու մարտերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում