ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի փողոցներն ամայի եւ դատարկ են. քաղաքում շարունակվում է սպասողական լարված վիճակը: Այս գիշեր քաղաքում համեմատաբար խաղաղ է եղել:Այս մասին Արմենպրես-ըտեղեկացավ հալեպահայերի ֆեյսբուքյան էջից:
Հալեպահայերը նշել են, որ օգոստոսի 7-ը Հալեպի համար ծանր օր էր. բոլոր շրջաններում շուրջ տասը ժամ էլեկտրականություն չի եղել: Հալեպի հայկական թաղամասերում երեկ գիշերվանից, իսկ որոշ հատվածներում` կեսօրից անջատված է էլեկտրամատակարարումը: Այս պահին հայկական թաղամասերի մի մասում էներգամատակարարումը դեռևս վերականգված չէ:Տեղեկություններ են ստացվել նաեւ այն մասին, որ Ասրութեան հիվանդանոցի մոտ ռումբ է հայտնաբերվել, որը, բարեբախտաբար, չեզոքացվել է:Հալեպահայերը առավոտյան ժամերի անորոշ լռությունից ենթադրում են, որ այսօր բանակը լայնածավալ գործողություններ է սկսելու:
Կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջեւ բախումները օգոստոսի 7-ինհասել էին Հալեպի հայկական թաղամասեր:Ընդդիմադիրները նախօրեին փորձել էին գրավել հայաշատ թաղամասերում գտնվող կառավարական շինություններից մի քանիսը: Կառավարական ուժերի եւ ընդդիմության հետ բախումների հետեւանքով երկու հայ է զոհվել, եւս մեկը վիրավորվել:Նրանցից մեկը 55-ամյա Վիգեն Քալայջյանն է, մյուսը` Ժան Թապաշ անունով մի երիտասարդ: Վիրավորված հայի անունը Մկո Փիլավյան է, սակայն նրա առողջական վիճակի մասին դեռեւս տեղեկություններ չկան:
Մարդու իրավունքների հետազոտության սիրիական կենտրոնի տվյալներով` այդ երկրում 2011թվականի մարտ ամսից շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 19 հազար մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների` զոհերի թվում են ավելի քան 12 հազար խաղաղ քաղաքացիներ, իսկ ավելի քան հինգ հազարը`անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում են նաեւ ինը հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: