Միջազգային

Սիրիահայ համայնքը երկու զոհ է տվել, եւս մեկ հայ վիրավոր է (լրացված)

2 րոպեի ընթերցում

Սիրիահայ համայնքը երկու զոհ է տվել, եւս մեկ հայ վիրավոր է (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արյունալի բախումների հետեւանքով Հալեպում եւս մեկ հայ է զոհվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, 55-ամյա Վիգեն Քալայջյանը զոհվել է առավոտյան ժամը 9-ին` Աուարդե կամրջի մոտակայքում արձակված կրակոցներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին որոշ հալեպահայեր, բախումներն արդեն բավական մոտեցել են քրիստոնեական եւ հայկական թաղամասերին: Հալեպահայերին խորհուրդ են տվել դուրս չգալ բնակարաններից եւ հեռու մնալ լուսամուտներից ու բաց տարածքներից:

Սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանն «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ օգոստոսի 5-ի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել քրիստոնյաներով, մուսուլմաններով եւ հայերով բնակեցված Աբբասիին թաղամասում, որի հետեւանքով, բարեբախտաբար, հայեր չեն զոհվել:

Իսկ սոցիալական կայքերում արաբերենով տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հույժ շտապ հայտարարություն, հատկապես Ալ-Ջալա թաղամասի բնակիչների համար: Տարհանվելու որոշ առաջարկներ կան: Առաջնորդվելով բնակիչների ու նրանց գույքի անվտանգությամբ՝ նրանց հորդորում ենք տեղի չտալ այդ մտքերին, մնալ տներում, դուրս չգալ և այդպես պահպանել իրենց անվտանգությունը, ապահովությունը ու առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներով և ոչ թե լրատվական կայքերով»:

Հայտարարության տակ նշվում է, որ քիչ առաջ օդային հարվածներ են եղել թաղամասի տարածքում:

Արդեն հաստատվել են նաեւ տեղեկությունները հերթական հայի զոհվելու մասին: Մինչ այդ մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ Հալեպում եւս մեկ մարդ է զոհվել, կա նաեւ մեկ վիրավոր: Արդեն հաստատվում է մահացած հայի անունը` Ժան Թապաշ: Վիրավորված հայի անունը Մկո Փիլավյան է: Սակայն դեռեւս բացակայում են տեղեկություններն այն մասին, թե որքանով են խորը նրա ստացած վնասվածքները:

Կորուստները եղել են քաղաքի հայաբնակ թաղամասերը պաշտպանելիս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում