ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի կենտրոնում իրավիճակը դեռևս հանգիստ է և մարդիկ ապրում են բնականոն կյանքով: Այդ մասին «Արմենպրես»-ին ասաց հայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, նշելով, որ աճել է լարվածություն մայրաքաղաքի արվարձաններում, որտեղ զինյալների թիվը զգալիորեն շատացել է: Քաղաքի կենտրոնական հատվածում, ըստ Էլմաջյանի, դեռևս խնդիրներ չկան: Ընդհանուր առմամբ, ըստ Էլմաջյանի, Դամասկոսում իրավիճակը հսկողության տակ է: Սիրիական պաշտոնական SANA գործակալությունը հայտնում է, որ երկրի հատուկ ծառայության ուժերը Միդան, Նհար Աիշա, Աթ Թադամեն թաղամասերում շարունակում են հակաահաբեկչական գործողությունները: Ըստ գործակալության, ապստամբ խմբավորումները զգալի կորուստներ ունեն: Մինչդեռ միջազգային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Դամասկոսում պայթյունները եւ կրակոցները չեն դադարում: CNN-ը, վկայակոչելով ապստամբների մամլո խոսնակին, հայտնել է, որ ընդդիմադիրներ նպատակ ունեն սկսել Դամասկոսի դեմ վճռական գրոհը: Ապստամբները հայտարարել են, որ Դամասկոսում վերահսկում են երկու թաղամաս` հարավային հատվածում Միդանը, իսկ արեւելյան հատվածում` Աթ Թադամունը: Նրանք իրենց թիրախի տակ են առել վարչական շինությունները, փակել գլխավոր մայրուղիները, որպեսզի դադարեցնեն զորքի շարժումը` կոչ անելով զինվորներին անցնել իրենց կողմը: Սիրիայում արդեն 16 ամիս շարունակվող բախումները կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ չեն դադարում. իրադրությունը հատկապես լարված է թուրք-սիրիական եւ լիբանանասիրիական սահմանի մոտակայքում: