2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մետալուրգ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պյատենկոն խոսել է թիմը համալրած ֆուտբոլիստների, այդ թվում նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքը, Պյատենկոն նշել է, որ իրենք փորձում ենք զարգանալ տարբեր ուղղություններով: «Նորեկները թե՛ կազմը կուժեղացնեն՝ օրինակ Մակրիդիսը, թե՛ մրցակցություն կստեղծեն՝ օրինակ Եդիգարյանն ու Մուսիենկոն: Մենք նաև տաղանդավոր երիտասարդներ ենք ձեռք բերել՝ Միրոշնիկ, Դեգտյարյով: Բայց յուրաքանչյուրի մասին առանձին խոսել չեմ ցանկանում», - թիմի գլխավոր մարզիչը:
Մարզիչն անդրադարձել է նաև Դավիթ Մանոյանին, ով նույնպես մասնակցել է ուկրաինական թիմի հավաքին, սակայն հիմա արդեն գտնվում է Կրասնոդարի «Կուբան»-ի կազմում և կրկին փորձաշրջան է անցնում: «Նա իրեն վատ չդրսևորեց: Բայց սա միայն հավաք էր: Մանոյանի հետ պայմանավորվածություն չենք ունեցել: Նա հիմա «Կուբանի» հետ է մարզվում», - պատմել է Պյատենկոն:
Խոսելով հավաքի ընթացքում գրանցված խնդիրների մասին՝ մարզիչը նշել է. «Շինան լուրջ վնասվածք է ստացել ու դուրս է մնացել երկար ժամանակահատվածով: Բացի այդ, վիրահատվել են Դրաման Տրաորեն ու Կառլեն Մկրտչյանը: Սրանք մեզ համար լուրջ խնդիրներ են»:
Արտակ Եդիգարյանը «Մետալուրգ»-ում հանդես կգա 27 համարի մարզաշապիկով: