Հայաստանի հավաքականը ընդունակ է հավասար խաղ ցուցադրել Իտալիայի հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընդունակ է հավասար խաղ ցուցադրել Իտալիայի հավաքականի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին հայկական ֆուտբոլի ավագ եւ կրտսեր սերնդի ներկայացուցիչները:
«Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանն ընդգծեց, որ ազգային ընտրանին արդեն փորձ ունի խաղալու նման հավաքականների հետ: Իսպանացիների հետ հանդիպման առաջին խաղակեսը դրա վառ ապացույցն է:
«Նրանք որեւէ առավելություն չունեն: Համոզված եմ, որ Իտալիայի հետ պայքարում Հայաստանը հաջող է հանդես գալու: Մեր ազգային ընտրանին շատ հետաքրքիր տակտիկայով է խաղում, որը կդրսեւորի նաեւ Իտալիայի հետ խաղի ժամանակ»,-ասաց Ղազարյանը:
Ավագ գործընկերոջ հետ համաձայնեց նաեւ Ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը` շեշտելով որ, Եվրո 2012-ի ժամանակ իտալացիները արժանիորեն հասան եզրափակիչ:
«Մենք Իտալիայի դեմ խաղին նախապատրաստվելու ենք, ինչպես մեր բոլոր հանդիպումներին ենք պատրաստվում: Աշխարհի նախկին չեմպիոնները հենց այնպես չհասան եզրափակիչ, մենք ականատես եղանք կատարյալ վարպետություն ցուցադրած խաղի»,-ասաց Մանոյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերից սկսում է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլը: Մեզ հետ նույն խմբում ընդգրկված են Իտալիայի, Դանիայի, Մալթայի, Չեխիայի եւ Բուլղարիայի հավաքականները: