7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից հայ երգարվեստն իր բազմաժանր եւ բազմաբովանդակ դրսեւորումներն ունի: Միանման, միմյանիցից ոչնչով չտարբերվող եւ որակական հատկանիշներով աչքի չընկնող կատարումների եւ երգերի կողքին կան մարդիկ, ովքեր փորձում են նոր խոսք ասել իրենց երաժշտության միջոցով: Նրանցից մեկը Երգի պետական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանն է, ով վստահ է, որ ճիշտ ժամանակ է կանգնեցելնել այն «անմխիթար» վիճակը, որ տիրում է հայկական երգարվեստում կամ ինչպես հաճախ անվանում են մեր օրերում շոու բիզնեսում: Ոլորտին առնչվող խնդիրների եւ ձեռքբերումների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Գրիգորյանի հետ: Մարդ, ով առանց երաժշտության իր կյանքը չի պատկերացնում:
-«Կոմիտաս. եկել եմ» ներկայացումը Երգի պետական թատրոնի վերջին հաջողված համերգ-ներկայացումներից է, ինչպե՞ս առաջացավ հայ դասականի երաժշտությունը ժամանակակից մոտացմամբ ներկայացնելու գաղափարը:
-Վերնագիրը պատմում է այդ մասին: Նա եկավ, նստեց կողքիս եւ կարծես հուշեց ինձ ինչ-որ նոր բան անել, որպեսզի իրեն սկսեն այլ կերպ ճանաչել: Մենք հաճախ հակված ենք մտածել, որ Կոմիտասը միայն տխուր երգեր է հեղինակել, իրականում նրա երաժշտությունը շատ գույներ է պարունակում: Ցանկացած մարդ կրում է այդ գույները, որոնք բացման կարիք ունեն, եւ դեռ այս ներկայացմամբ Կոմիտասը մինչեւ վերջ չի բացվել, ավելին կարելի է անել: Նա շատ հետաքրքիր անձնավորություն է եղել, ով կարողացել է մինիմալիզմի մեջ ստանալ գունավոր աշխարհ:
-Դասականը նոր մոտեցմամբ ներկայացնելը փոքր-ինչ ռիսկային է, ի՞նչ եք կարծում` արդյոք այս երաժշտական քաղաքականությունը կլրացնի այն որակական բացը, որը կա այսօր երգարվեստում:
-Մի՞թե մենք ունենք որակյալ երաժշտություն երգարվեստում (ժպտում է): Մենք չունենք որակյալ երաժշտություն: Երբեմն ամաչում եմ, որ անմիջական կապ ունեմ երգարվեստի հետ: Տարիներ առաջ, երբ կային Տաթեւիկ Հովհաննիսյանի նման երգչուհիներ իսկապես ամաչելու կարիք չկար: Այսօր չես կարող լսել եւ ընկալել այն, ինչ հնչում է հաճախ եթերում: Կան շատ լավ հայ երաժիշտներ, որոնք, վստահ եմ, որ կարող են լավ երաժշտություն գրել, բայց չեն գրում: Չի կարելի «ստամոքսային» երաժշտությունը բերել հասցնել հեռուստատեսություն, այն պետք է հնչի ռեստորաններում, բոլորովին դեմ չեմ դրան, բայց այն իր համապատասխան տեղը պետք է ունենա:
-Այդ դեպքում իրավիճակի շտկման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
-Ուղին հենց սա է` հինը ներկայացնել նոր մոտեցմամբ, ձգտել պահպանել այն, ինչ ունենք: Ինչու ոչ` Սպենդիարյանի, այլ դասականների ստեղծագործությունները կատարել, խոսքեր գրել Խաչատուրյանի հայտնի բալետային գործերի համար:
-«Եվրատեսիլյան» կրքերը անմասն չեն հայկական երգարվեստից, ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը, որ մրցույթի հետ կապված ցանկացած մանրամասնություն ցավագին է ընկալվում հասարակության կողմից:
-Ցավոք սրտի, մենք` հայերս, ամեն ինչին ենք ցավագին մոտենում: Ես միշտ ասել եմ, որ «Եվրատեսիլե-ը ինձ համար լուրջ մրցույթ չէ, այն քաղաքականցված մրցույթ է: Ինձ համար որեւէ տարբերություն չկա, քանի որ ես այն չեմ դիտում, այնտեղ երաժշտություն չկա, կա շոու, որը նույնպես գնալով պակասում է: Մեր երկիրը ավելի կարեւոր խնդիրներ ունի, քան այս մրցույթին մասնակցել-չմասնակցելը: Ես այժմ պատրաստում եմ մի Ռուսլան անունով երգչի` Ջավախքից, «Սլավյանսկի բազար» մրցույթին Հայաստանը ներկայացնելու համար եւ բոլորվին չեմ բարձրաձայնում, աֆիշ պատրաստում այդ մասին: Ավելորդ աղմկահարույց բաներ պետք չէ անել:
-Ձեր թատրոնի գլխավոր ձեռքբերումը Դուք համարում եք թատրոնի հինգ սերունդները, սակայն մի առիթով նշել եք, որ չեք սիրում, երբ Ձեր աշակերտների անունները շրջանառվում են մամուլում: Մի՞թե դա ԶԼՄ-ների հանդեպ Ձեր անվստահության մասին է խոսում:
-Ես սիրում եմ մասնագիտացած մամուլ: Ինձ համար համագործակցել բառը շատ խորթ է հնչում, ես չեմ ընդունում «մամուլի ասուլիսե ասվածը եւ չեմ հաճախում նման վայրեր, նման միջոցառումների: Երբ սերունդները ավարտում են Երգի պետական թատրոնը եւ որքան այդ նույն սերունդները հետագայում սխալներ են թույլ տալիս հեռուստատեությամբ, չեմ կարող կանխել: Երբ երեխան ամուսնանում է եւ գնում ընտանիքից, որեւէ անախորժություն ունենում, նորմալ հայրը չի խառնվում այդ անախորժությանը, իհարկե դժգոհում է, բայց չի խառնվում եւ դա ճիշտ է:
-Ձեզ հաճախ անվանում են հայկական շոու բիզնեսի կնքահայր, համաձա՞յն եք արդյոք այս բնորոշման հետ:
-Չեմ սիրում այդ արտահայտությունը, տանել չեմ կարողանում: Շոու բիզնես պետք է լինի, որպեսզի ես լինեմ նրա կնքահայրը, եթե չկա, ես ինչպես կարող եմ լինել: Ես կնքահայր չեմ, այլ մարդ եմ, ով պարզապես կարողանում է երեխաներին մի քանի տարի շարունակ ուսուցանել այն, ինչ ճիշտ է: Մի դպրոցում, որտեղ սովորում են 200 աշակերտ, պարտադիր չէ, որ ավարտելով բոլորն էլ երգիչ կամ երգչուհի դառնան, եթե նրանք հասկանան պարզ բաներ, որ առավոտյան եւ երեկոյան պետք է ատամները լվանալ, վերելակ պետք չէ չորս հոգուց ավելի նստել, շատ այլ տարրական վարվելաձեւի կանոններ, ապա դա արդեն հաղթանակ է ինձ համար:
-Ինչպիսի՞ն եք տեսնում հայկական երգարվեստի ապագան մի քանի տարի անց:
-Դժվար հարց է: Եթե այսպես շարունակվի, ապա երգարվեստ ուղղակի չի լինի, մենք կունենանք այն, ինչ այսօր ունենք, իսկ այն, ինչ ունենք, երգարվեստ չէ: Կցանկանայի հավաքել բոլոր հայ երիտասարդ կոմպոզիտորներին, հավանաբար այդպես էլ կանեմ` ասելով, որ հերիք է գրել անհայտ ծագման կիսաադրբեջանական, կիսատաջիկական երգեր: Շատ եմ լսել, որ նման երգերով է այսօր հնարավոր գումար վաստակել, սակայն ոչ ոք դեմ չէ փողին, բայց թող այդ երգերը հնչեն ժամանցավայրերում: Հաճախ իմ սաներից ոմանց էլ եմ ասում, որ այդքան «վայ-վայ»-ով սկսվող ու ավարտվող երգեր չերգեն, որովհետեւ շատ ավելին կարող են անել, ավելի տաղանդավոր են: Պետք է նաեւ հետագա սերունդների մասին մտածել, ոմանք վիրավորվում են ինձանից, երբ կոպիտ եմ խոսում իրենց հետ, բայց ինչպես չխոսեմ, երբ «մկկոց» երգեր են կատարում, չէ որ մարդիկ մի քիչ էլ պատասխանատվության զգացում պետք է ունենան այն ամենի նկատմամբ, ինչ անում են:
Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի