Հայաստանի Առաջին տիկնոջը մարտի 8-ին կարող են ուրախացնել ծաղիկները եւ համեղ շոկոլադը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը լավագույնն է հայ կանանց համար, քանի որ այդ շրջանում տղամարդիկ ավելի ուշադիր են դառնում, առավել հաճախ ժպտում եւ սիրալիրություններ շռայլում կանանց: Անկախ դիրքից եւ ճանաչված լինելու աստիճանից` տոնին անհամբերությամբ են սպասում բոլոր կանայք: Իսկ ինչպիսի՞ զգացողություններ է տոնը առաջացնում ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մոտ: Այս եւ հայ կանանց վերաբերող մի շարք այլ հարցեր «Արմենպրես»-ը ճշտեց հենց իրենից:

- Տիկին Սարգսյան, ինչպե՞ս կբնութագրեք հայ կնոջը: Ո՞ր գծերն եք Դուք ամենից շատ գնահատում նրա մեջ:

Անհիշելի ժամանակներից հայ կինն, անշուշտ, եղել է ընտանեկան օջախի եւ սովորույթների իրական պահապանը. նա իր ամուսնուն միշտ եւ ամեն ինչում կաջակցի, երեխաներին կգուրգուրի եւ կգտնի ջերմ խոսքեր տարեցների համար: Ծանր պահերին խոհեմաբար իր փխրուն ուսերին կվերցնի տղամարդկանց հոգսերը:

Ամեն ինչ հայ կնոջ ուժերի սահմաններում է, նա կարող է ամեն ինչ անել: Այդ ամենի հետ մեկտեղ, հաշված րոպեների ընթացքում կարող է վերափոխվել եւ արքայադստեր պես դուրս գալ տանից: Սա՛ է մեր կանանց առանձնահատկությունը, որը մինչ օրս չի դադարում զարմացնել եւ խորը հիացմունք առաջացնել:

-Ընդունված է կարծել, որ տղամարդը տան գլուխն է, իսկ կինը` պարանոցը: Այն համապատասխանո՞ւմ է արդյոք հայ կնոջ նկարագրին:

Գուցե այդ պնդման մեջ ճշմարտության չափաբաժին կա, եթե ինչպես ասացիք` ընդունված է այդպես համարել: Բայց անձամբ ինձ ավելի հոգեհարազատ է մեկ այլ ասույթ` տղամարդը թռչուն է, իսկ կինը` նրա թեւերը, որոնք կարող են ինչպես բարձրացնել նրան մինչեւ երկինք, այնպես էլ տանել մինչեւ անդունդ:

-Դուք Հայաստանի Առաջին տիկինն եք: Դժվար չէ՞ արդյոք այդ պատասխանատու «պաշտոնում» լինել, երբ բոլորի համար անհրաժեշտ է օրինակ ծառայել:

Եթե մինչեւ վերջ անկեղծ լինեմ, իհարկե բարդ է: Բայց համաձայնեք` ես այդ ամենից վատ գլուխ չեմ հանում (ծիծաղում է): Այդուհանդերձ, ամենեւին չեմ ձգտում օրինակ լինել, բայց ինձ շատ ուրախացնում է, երբ հաջողվում է ուրիշներին դրդել բարի եւ օգտակար գործերի:

- Դուք ակտիվ հասարակական կյանք եք վարում, բարեգործական աշխատանք ծավալում արվեստի եւ առողջապահության ոլորտներում: Որքանո՞վ է տարբերվում Ռիտա Սարգսյանը տանը եւ դրսում:

Իմ կարծիքով, եթե նույնիսկ կա տարբերություն, ապա այն գրեթե աննշան է: Ես ինձ այն կանանց շարքին եմ դասում, ովքեր միշտ անկեղծ են եւ չեն կարողանում, չեն էլ սիրում ձեւացնել, եթե նույնիսկ անհրաժեշտություն է լինում:

- Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը լավագույնն է կանանց համար: Փոխվո՞ւմ է արդյոք ձեր ինքնազգացողությունն այդ շրջանում:

Դեռ մանկուց շատ եմ սիրում մարտի 8-ը: Ապրիլի 7-ը նույնպես ինձ համար թանկ է դարձել: Իսկ ահա մնացյալ միջանկյալ օրերն ինձ համար պարզապես գարնանային ուրախալի զգացողություններ են առաջացնում: Իմ կարծիքով եթե տոները շատ երկար են ձգվում, ապա դրանք կորցնում են իրենց տոնականությունն ու առանձնահատուկ գրավչությունը: Սակայն, եթե կան կանայք, ովքեր իրենց ավելի լավ են զգում հենց այս ժամանակահատվածում, ապա թող այդ զգացողությունները ձգվեն ամբողջ տարվա ընթացքում:

-Տոնը ենթադրում է նաեւ նվերներ: Ինչպիսի՞ նվերներ եք սիրում ստանալ:

Ինչ վերաբերում է նվերներին, անշուշտ, ինչպես յուրաքանչյուր կին, ես նույնպես սիրում եմ նվերներ ստանալ: Հավելեմ նաեւ, որ ավելի շատ սիրում եմ նվիրել: Ինձ շատ ուրախացնում են գեղեցիկ ծաղիկները եւ ինչ թաքցնեմ` համեղ կոնֆետները: Սիրում եմ նաեւ արտասովոր նվերներ եւ ամենեւին կարևոր չէ, թե որքան դրանք կարժենան:

- Ի՞նչ կմաղթեք հայ կնոջը տոների առթիվ:

Ամենից առաջ գարնան շուտափույթ գալուստ` ձյունառատ, ձգձգված ձմռանից հետո: Թող մեր կանայք միշտ եւ յուրաքանչյուր եղանակին, տարվա ցանկացած ժամանակահատվածում լինեն սիրված եւ շրջապատված սիրով, հարազատների ջերմությամբ: Թող արցունքները լինեն միայն ուրախության, իսկ բարկություն առաջացնեն միայն հիմար սերիալները:

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ կանայք:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Հայերեն English Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում