Հայաստանի նկարիչների միությունն այս տարի կկազմակերպի ավելի քան հիսուն ցուցահանդեսներ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միության հիմնական խնդիրներից է նպաստել հայ ստեղծագործողի ճանաչմանը եւ նրա գործերի տարածմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց միության նախագահ Կարեն Աղամյանը: «Մեր խնդիրները նույնն են, ինչ 80 տարի առաջ, սակայն հիմա դրանց լուծումը շատ ավելի դժվար է: Կերպարվեստը, գրականությունը եւ երաժշտությունը պետք է լինեին պետության ուշադրության կենտրոնում, բայց մինչեւ այժմ չկա ստեղծագործական միությունների մասին օրենք»,-ասաց Կարեն Աղամյանը` հավելելով, որ Նկարիչների միությունը բոլոր միջոցառումները կազմակերպում է սեփական միջոցներով:
Այս տարվա ընթացքում Հայաստանի նկարիչների միությունում կկազմակերպվեն 50-ից ավելի ցուցահանդեսներ: Աղամյանի խոսքով` այս տարվա կարեւորագույն միջոցառումներից է Արցախում Շուշիի ազատագրմանը նվիրված ցուցահանդեսը: Նա նշեց, որ տարեկան Նկարիչների միությանն անդամակցելու 50-60 հայտ են ունենում, որից ընդունում են 4-ը, քանի որ ընտրությունը շատ խիստ է կայացվում: «Գործում է նաեւ Երիտասարդ նկարիչների միավորումը, որի անդամները 100-ից մի փոքր ավել են: Ընդհանուր Հայաստանի նկարիչների միության անդամները 700-ից ավել են, իսկ գրանցված 1000 հոգի, որոնցից 300-ն այսօր Հայաստանում չեն»,- ասաց միության նախագահը: