Նոտարը պետք է օգնի բեռնաթափել դատարանները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նոտարը` նոտարիատի գաղափարախոսության կրողը, պետք է մարդկանց մատուցի իրավաբանական ծառայություններ` ժառանգության հետ կապված հարցերում, անշարժ գույքի առք ու վաճառքի շուկայում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը նշեց, որ նոտարի հիմնական գործառույթը պետք է լինի օգնել բեռնաթափել դատարանները: «Նոտարական համակարգում տիրող անպատժելիության միտումը վերացել է, եւ բարձրացել է աշխատանքի արդյունավետությունը: Անզեն աչքով երեւում են բոլոր բարեփոխումները, որոնք կատարվել են, այդ թվում` վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ»,-ասաց Օրբելյանը: Նա նշեց, որ բոլոր նոտարական գրասենյակներում փակցված են ՀՀ կառավարության կողմից սահմանված գնային սանդղակի որոշումը, ինչպես նաեւ նոտարի անձնական որոշումը: Առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հասարակության աջակցությունը:

Աշխատանքներ են տարվելու նոտարական պալատի հետ` ծանոթանալու իրենց գործընկերների աշխատանքին այն երկրներում, որտեղ նոտարական աշխատանքը կայացած է:

Հայերեն