Դինքի գործով ամբողջական տեքստերը հանձնվել են Ստամբուլի հատուկ լիազորություններով դատախազին
2 րոպեի ընթերցում
ՍՏԱՄԲՈՒԼ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի հունվարի 17-ին կայացրած վճռի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հանձնարարությամբ Պետական վերահսկողական խորհրդի ենթահանձնաժողովի` սպանության գործի ուսումնասիրության վերաբերյալ զեկույցի ամբողջական տեքստերը ներկայացվել են Ստամբուլի հանրապետական դատախազության հատուկ լիազորություններով դատախազ Մուամմար Աքթաշին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:
Նշվում է, որ դատավճռի եւ Պետական վերահսկողական խորհրդի զեկույցի ուսումնասիրությունից հետո Ստամբուլի դատախազությունը որոշում կկայացնի գործը կրկին հետաքննել-չհետաքննելու մասին: Սպասվում է, որ այդ փաստաթղթերը փետրվարի 22-ին կհանձնվեն նաեւ Դինքի ընտանիքի փաստաբաններին, ովքեր ավելի վաղ հայտարարել են, որ դատավճիռը կբողոքարկեն` վճռի ամբողջական տեքստը ստանալուց հետո:
Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը սպանության ուղղորդիչ Յասին Հայալին ցմահ բանտարկության որոշում է կայացրել: Դատարանը սպանությունը կազմակերպված հանցագործություն չի ճանաչել: Թուրքիայի պետական վերահսկողական խորհրդի զեկույցում նշվել է, որ պետական, ինչպես նաեւ անվտանգության որոշ պաշտոնյաներ թերացումներ են թույլ տվել` Հրանտ Դինքի կյանքի անվտանգությունը պահպանելու գործում: