Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
2 րոպեի ընթերցում

Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում կայացած գագաթնաժողովի ընթացքում, իսկ երկու երկրների հարաբերությունները մտել են նոր պատմական փուլ, ասվում է շնորհակալական հեռագրում, որը Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ուղարկել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ԿԺԴՀ կատարած պետական այցից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ կայացած հանդիպումների ընթացքում երկու պետությունների ղեկավարները «կարծիքների հանգամանալից փոխանակում են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և հասել են մի շարք կարևոր համաձայնությունների»: Դա, նշել է Սի Ծինփինը, «չին-կորեական հարաբերություններին տվել է նոր բովանդակություն, որը համապատասխանում է ժամանակի ոգուն, ինչպես նաև ցույց է տվել երկու կողմերի հաստատակամ վճռականությունը՝ զարգացնելու իրենց ավանդական բարեկամությունը, համատեղ նպաստելու զարգացմանն ու բարգավաճմանը, պաշտպանելու խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»:
Սի Ծինփինն ընդգծել է, որ «բավարարված է այցի արդյունքներից», որի շնորհիվ «չին-կորեական հարաբերությունները մտել են նոր պատմական փուլ»:
Սի Ծինփինը Չինաստանի Կոմունիստական կուսակցության, ՉԺՀ ի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իր և կնոջ անունից շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին, նրա կնոջը, ԿԺԴՀ ղեկավարությանը և ժողովրդին ջերմ ընդունելության համար։
Չինաստանի նախագահի պետական այցը Փհենյան տեղի է ունեցել հունիսի 8-9։ Դա Սի Ծինփինի առաջին այցն էր ԿԺԴՀ 2019 թվականից ի վեր: