2 րոպեի ընթերցում
ՍԱՆԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենում նախագահական ընտրությունների ավարտից հետո շարունակվում է քվեների հաշվարկը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել են բնակչության ավելի քան 60 տոկոսը` կազմելով 10 միլիոն 300 հազար մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական aljazeera.net-ը, ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն 2 օրվա ընթացքում:
Ընտրությունների ընթացքը, սակայն, բախումներով է ուղեկցվել Եմենի հարավային շրջաններում, որի արդյունքում զոհվել է 9 մարդ, այդ թվում` մեկ երեխա: Զինված հարձակում է տեղի ունեցել Եմենի Ադեն քաղաքի ընտրատեղամասերի վրա, որի արդյունքում օրվա 2-րդ կեսին փակվել են 20 ընտրատեղամասերից 10-ը:
Եմենում փետրվարի 21-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Եմենի փոխնախագահ Ալի Աբդ Ռաբբհ Մանսուր Հադին համարվում է նախագահական ընտրությունների միակ թեկնածուն: Երկրի նոր նախագահը կընտրվի 2 տարի ժամկետով, որի ընթացքում փոփոխություններ կլինեն քաղաքական համակարգում եւ Սահմանադրությունում:
Եմենի նոր նախագահին բաժին է ընկել ծանր ժառանգություն: Հյուսիսում շիա ապստամբներն են, հարավում` Հարավային շարժման անդամները, որոնք ցանկանում են անկախություն ձեռք բերել եւ «Ալ Քաիդա»-ի անդամները: