Արագածոտնի մարզպետը հանձնարարականներ է տվել համայնքապետերին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արագածոտնի մարզպետարանը փետրվարի 21-ին անցկացրել էայս տարվա մարզխորհրդի առաջին նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արագածոտնի մարզպետարանից, 2012 թվականի համայնքների բյուջեների կազմման գործընթացի մասին նշվել է, որ բոլոր 114 համայնքներում կազմվել են բյուջեները, և համայնքներն, ըստ էության, պատրաստ են իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց գործառույթները:

Սեփական եկամուտների առաջին ամսվա տվյալներով հողի հարկի փաստացի հավաքագրումը կազմել է 68,8 տոկոս: Անդրադառնալով այս խնդրին, մարզպետ Սարգիս Սահակյանը փոխմարզպետ Ա. Արսենյանին և ֆինանասկական վարչության պետին հանձնարարել է սեփական եկամուտների հավաքագրման համար յուրաքանչյուր համայնքի մասով կազմել ժամանակացույց և հետևել դրա հստակ ու հետևողական կատարմանը՝ բացառելով հավաքագրման մեծագույն մասը տարեվերջին թողնելու նախադեպը:

Քննարկման է դրվել նաեւ հողի հարկի՝ մինչեւ 2007 թվականն ունեցած ապառքների մասին վիճակագրության հստակ տեղեկատվության ներկայացման եւ նոր պարտքեր կուտակելու բացառման խնդիրը:Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը ներկայացրել է հողօգտագործողներին տրամադրված գարնանացան գարու և եգիպտացորենի գումարների վերադարձման և պետական ծրագրերի շրջանակում մատչելի գներով ազոտական պարարտանյութ ու դիզելային վառելիք տրամադրելու գործընթացները: Նա նշել է, որ համայնքների ղեկավարները սերմացուների վերադարձման գործընթաը պետք է ավարտեն մինչև փետրվարի 28-ը: Որոշակի ժամկետներ և հստակություն է մտցվել նաև ազոտական պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու գործընթացներն իրականացնելու համար: Այս մասով ևս մարզպետը համայնքապետերին տվել է համապատասխան հանձնարարականներ:

Համայնքների ղեկավարները հանձնարարականներ են ստացել համայնքային սեփականության հողերի վարձակալության տրամադրման իրավական գործընթացի կազմակերպման, համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման հարցերի վերաբերյալ:

Հստակեցվել է նաև, որ մարզային մեծ միջոցառումներ են կազմակերպվելու մայիսի 9-ի և 28-ի տոնակատարությունների կապակցությամբ, և դրանցում իրենց մասնակցությունն են ունենալու համայնքները:

Հայերեն