3 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի գլխավորությամբ փետրվարի 17-ին կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստ, որը վարեց մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Նվեր Պողոսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստին մասնակցում էին Գավառի, Մարտունու, Սեւանի, Վարդենիսի եւ Ճամբարակի զինվորական կոմիսարները եւ տարածքային զինվորական կոմիսարիատներին կից զորակոչային բժշկական հանձնաժողովների անդամները: Բացելով նիստը՝ մարզպետ Նվեր Պողոսյանը նշեց, որ 2011 թվականի աշնանային զորակոչի ընթացքում հանրապետական հավաքակայանից առողջական խնդիրների պատճառով Գեղարքունիքի մարզի զորակոչիկներից եղել է հետվերադարձի եւ լրացուցիչ բուժզննության 33 դեպք, որից 10 դեպք բաժին է ընկել Գավառի, 10 դեպք՝ Վարդենիսի, 7 դեպք՝ Սեւանի, 4 դեպք՝ Մարտունու եւ 2 դեպք՝ Ճամբարակի զինկոմիսարիատներում: Հանդես գալով համապատասխան պարզաբանումներով՝ Վարդենիսի եւ Գավառի զինվորական կոմիսարիատների պատասխանատուները նշեցին, որ հավաքակայանից լրացուցիչ բուժհետազոտության ուղարկված զորակոչիկների մի մասը զորակոչվել են, իսկ քիչ մասը՝ ճանաչվել ծառայության համար ոչ պիտանի կամ բուժման նպատակով ստացել տարկետում:
Մարզպետ Նվեր Պողոսյանը հրահանգեց զորակոչային հանձնաժողովի անդամներին՝ հերթական գարնանային զորակոչի ընթացքում բացառել անորակ զննությունները, որոնց արդյունքում եւ տեղի են ունենում հանրապետական հավաքակայանից զորակոչիկներին հետ վերադարձնելու դեպքերը: «Անորակ բուժզննության յուրաքանչյուր դեպք դառնալու է հատուկ քննարկման առարկա, իսկ տվյալ բժիշկ-մասնագետը հեռացվելու է հանձնաժողովի կողմից»,-զգուշացրեց զորակոչային հանձնաժողովի նախագահ, մարզպետ Նվեր Պողոսյանը:
Հանձնաժողովի անդամների կողմից եղան տարբեր առաջարկներ զորակոչիկների բուժզննումը ավելի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ, որոնք մարզպետը խոստացավ ներկայացնել վերադաս մարմինների քննարկմանը: Ամփոփելով նիստը՝ մարզպետ Նվեր Պողոսյանն առաջարկեց այսուհետ առողջական խնդիրներ ունեցող յուրաքանչյուր զորակոչիկի խնդիրը քննարկել եւ լուծում տալ առանձին-առանձին, ինչը եւ այսուհետ պետք է դառնա աշխատանքնային ձեռագիր, որպեսզի Հայոց բանակում ծառայեն միայն եւ միայն առողջ երիտասարդները: