Քաղաքականություն

Սարկոզին Թուրքիային կոչ է անում վերանայել սեփական պատմությունը

2 րոպեի ընթերցում

Սարկոզին Թուրքիային կոչ է անում վերանայել սեփական պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան հզոր պետություն լինելու համար պետք է առերեսվի սեփական պատմությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` Ֆրանսիայի հրեաների միության ներկայացուցչական խորհրդի հետ հանդիպման ժամանակ:

«Ամեն անգամ, երբ մեր հանրապետության տարածքում որևէ հրեա է վիրավորվում, դա մեր եռագույնի վրա մի բիծ է թողնում: Մեկ հրեայի հանդեպ ագրեսիան ոչ թե Ֆրանսիայի հրեաների, այլ 65 մլն ֆրանսիացիների խնդիրն է: Դա ոչ թե համայնքային, այլ ազգային հարց է»,- նշել է Սարկոզին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն` Ֆրանսիայի նախագահը նշել է, որ վերջին շրջանում այդ հարցի առնչությամբ շատ տարբեր մեկնաբանություններ են եղել: «Թուրքիան մեծ պետություն, մեծ քաղաքակրթություն է: Սակայն իրապես հզոր լինելու համար յուրաքանչյուրը պետք է նայի իր պատմությանը: Պետք է նայել պատմության ինչպես մութ, այնպես էլ լուսավոր հատվածներին»,- ընդգծել է Սարկոզին:

Նրա ներկայացմամբ` Ֆրանսիան դա արել է ստրկության, Վիշիի ֆաշիստական կառավարության և այլ հարցերում: «Թուրքիայի համար ավելի պատվաբեր կլինի վերանայել սեփական պատմությունը: Մենք դա Թուրքիային ասում ենք որպես ընկեր պետության»,- հավելել է Սարկոզին:

Դիմելով հավաքված հրեական համայնքի ներկայացուցիչներին` Ֆրանսիայի նախագահը հարց է ուղղել, թե ինչ կզգային նրանք, եթե Հոլոքոստի ժխտումը թույլատրելի լիներ: «Մենք դա թույլ չենք տալիս: Այստեղ ոչ թե նախընտրության, այլ համոզմունքների հարց է»,- եզրափակել է Սարկոզին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում