Քաղաքականություն

Թուրքիայում չեն հավատում, որ հնարավոր է հայկական օրինագիծը վիճարկել Ֆրանսիայի Սահմանադրական դատարանում

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում չեն հավատում, որ հնարավոր է հայկական օրինագիծը վիճարկել Ֆրանսիայի Սահմանադրական դատարանում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան անհավանական է համարում Ֆրանսիայում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը Սահմանադրական դատարանի քննարկման առարկա դարձնելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, նման հայտարարույթյամբ հանդես է եկել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վոլկան Բոզկիրը:

«Չեմ կարծում, որ հնարավոր կլինի ապահովել 60 պատգամավորների ձայները ներկա քաղաքական մթնոլորտում»,- հայտարարել է Բոզկիրը:

Միաժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն էլ փորձել է Ֆրանսիայի Սենատի որոշմանը կրոնական երանգավորում տալ: Նա նշել, որ նման օրենքով Ֆրանսիան ուղերձ է հղում ծայրահեղ աջերին առ այն, որ իսլամից վախի աճ է նկատվում:

Իսկ Թուրքիայի կրթության նախարար Օմեր Դինչերն էլ հայտարարել է, որ Ֆրանսիայի դեմ կիրառվելիք սանկցիաների թվում լինելու են նաև սանկցիաներ Թուրքիայում գործող ֆրանսիական դպրոցների նկատմամբ:

Ֆրանսիայում օրենքի սահմանադրականությունը ստուգելու համար Սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, Սենատի նախագահը և 60 պատգամավորներ: Ներկայում Ֆրանսիայի Սենատում չի հավաքվում անհրաժեշտ 60 պատգամավորների ձայները:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում ընդունվել է հունվարի 23-ին: Այն հեղինակել է պատգամավոր Վալերի Բուայեն: Ընդունվելու դեպքում այդ երկրում օրենքի ուժով մեկ տարի ազատազրկման եւ 45 հազար եվրո տուգանքի պատիժ կսահմանվի Հայոց ցեղասպանությունը հերքողի նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում