Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, որպեսզի Կառավարությունը հրաժարական տա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե որեւէ Կառավարություն գտնում է, որ իր առջեւ դրված խնդիրները թույլ չեն տալիս առաջ գնալ, ապա, բնականաբար, հրաժարական է տալիս: Հայաստանի Հանրապետության պարագայում այդպիսի խնդիր չկա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ-ի կողմից Կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկի վերաբերյալ հարցը:

«Կառավարության հրաժարական տալու կամ չտալու խնդիրը քաղաքական է: Մենք Ազգային ժողովում ունենք բացարձակ մեծամասնություն, կառավարելիության մակարդակը բավականին բարձր է, եւ մենք մշտապես ուսումնասիրում ենք բնակչության կարծիքը Կառավարության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ, հստակ պատկերացնում ենք, թե ովքեր են դժգոհ, եւ ովքեր են մեզ աջակցում: Կարծում եմ, որ Հայաստանում որեւիցե քաղաքական ճգնաժամ չկա, որպեսզի Կառավարությունը հրաժարական տա»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Կառավարությանն անվստահության հայտնելու՝ ընդդիմադիր կուսակցության առաջարկը վարչապետը համարում է տվյալ ուժի իրավունքը: «Այդ հարցադրումն ունի քաղաքական բովանդակություն, քանի որ մեր գործընկերները հնարավորություն ունեն հնչեցնելու մի կողմից իրենց մտահոգող խնդիրները, մյուս կողմից փորձում են գրավել ընտրողների ուշադրությունը»,- շեշտեց Տիգրան Սարգսյանը:

Այն հարցին, թե, արդյոք, արձանագրվող ցուցանիշները չեն կարող հանդիսանալ հրաժարականի պատճառ՝ վարչապետը պատասխանեց, որ աշխարհում այսօր չկա որեւիցե պետություն, որտեղ կան կատարված ցուցանիշներ: «Դրա համար էլ առկա է ճգնաժամը, եւ եթե դուք հետեւեք ոչ միայն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, այլ աշխարհում, ապա կտեսնեք, որ ճգնաժամը լրջագույն մարտահրավեր է բոլոր Կառավարությունների համար, եւ շաբաթը մեկ բոլոր տնտեսական ցուցանիշները վերանայվում են»,- շեշտեց Տիգրան Սարգսյանը՝ լրատվամիջոցներին կոչ անելով օբյեկտիվորեն լուսաբանել արձանագրվող գործընթացները՝ ավելորդ աժեոտաժից խուսափելու նպատակով:

Հայերեն English Русский