Հասարակական

Հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել

2 րոպեի ընթերցում

Հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել

Նոյեմբերի 20-ին' ժամը 08:50-ի սահմաններում, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այս կապակցությամբ Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել:

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալված նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ ևս փաստում են, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռքբերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև օր օրի առավել լկտի և սանձարձակ բնույթ է հաղորդում իր ագրեսիվ ձեռնարկումներին: Առաջնային գծում տեղի ունեցած մահվան ելքով հերթական միջադեպը կրկին հաստատում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլև նպատակային քայլեր է իրականացնում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ղարաբաղյան կողմին ստիպում է իր հետագա գործողություններում լինել առավել կոշտ, իսկ պատասխաններում' համարժեք»,- ասվում է ՊԲ տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք' նոյեմբերի 19-ին' ժամը 08:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը:

«Արմենպրես» գործակալության խմբագրակազմը ցավակցում է Արեն Սիմոնյանի եւՄիհրան Մարգարյանի ընտանիքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում