Տիգրան Սարգսյանը մեկնել էր Բրյուսել որպես վարչապետ, ոչ թե որպես կուսակցության ներկայացուցիչ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի այցը Բրյուսել եղել է ոչ թե կուսակցական, այլ պաշտոնական: Ազգային ժողովում նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը' անդրադառնալով այն խոսակցություններին, թե իբր ծառայողական ինքնաթիռն օգտագործվել է կուսակցական նպատակների համար:
«Ես մեկնել եմ Բրյուսել մասնակցելու կարեւորագույն կոնֆերանսի, որի ժամանակ նախատեսված էր նաեւ պարոն Բարոզուի ելույթը, որը նվիրված էր Եվրամիության ճգնաժամային երեւույթների հաղթահարմանը եւ այն ռազմավարությանը, որը մշակվել էր ԵՄ-ի կողմից»,- ասաց վարչապետը:
Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ մեկնել է Բրյուսել որպես վարչապետ, այլ խնդիր է, որ Բրյուսելում կար նաեւ կուսակցական միջոցառում:
«Ես հրավիրել եմ բոլոր կուսակցություններին, որոնք այդ օրերին հրավիրված են եղել Բրյուսել, որ օգտվեն առիթից, եւ մեկնեն մեզ հետ»,- նշեց Տիգրան Սարգսյանը: