Հայաստանում առաջին անգամ բեմադրվեց «Եվ Այր մի` Մաշտոց անուն»-ը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեւանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ Պարույր Սևակի «Եվ Այր մի' Մաշտոց անուն» պոեմի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան: Բեմադրության ռեժիսորն է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, նկարչական ձեւավորողը' Աննա Հարությունյանը, երաժշտության հեղինակը' Արթուր Հակոբյանը:
Ներկայացումը բաղկացած է երկու մասից. առաջին մասում բուն պոեմի բեմադրությունն է, իսկ երկրորդ մասում ներկայացված է մերօրյա երիտասարդների գնահատականն ու երախտագիտության խոսքը' ուղղված Մեսրոպ Մաշտոցին ու նրա արած գործին:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կարինե Դավթյանը, բեմադրությունն իրականացնելիս ինքը երկընտրանքի առաջ է կանգնել' ընտրելու Սեւակի, թե Շիրազի աշխատությունը' նվիրված Մաշտոցին: «Արդյունքում ընտրվեց սեւակյան բնութագրումը, որին ավելացրեցինք նաեւ խորը իմաստային եւ պատմական վերլուծություններ»,- ասաց Կարինե Դավթյանը' հավելելով, որ իրենք ավելացրել են նաեւ պատմական անցումներ, ինչպես նաեւ Մովսես Խորենացու եւ Կորյունի կերպարները:
Գլխավոր դերում հանդես եկան «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները, իսկ Մովսես Խորենացու դերում վ ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանն էր:
«Եվ Այր մի' Մաշտոց անուն» ներկայացումը Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի կողմից կազմակերպված միջոցառումների ցանկում առաջինն է: Հանձնաժողովի խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: