Պաշտոնական

Քննարկվել են Հայաստանի համար ՎԶԵԲ-ի նոր ռազմավարության մանրամասները

3 րոպեի ընթերցում

Քննարկվել են Հայաստանի համար ՎԶԵԲ-ի նոր ռազմավարության մանրամասները

ԵՐԵՎԱՆ,4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերին, ով Հայաստան է ժամանել մեր երկրի համար նոր ռազմավարության մշակման գործում Եվրոպական բանկի գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում' վարչապետ Սարգսյանը նշել է.»Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ: Մեծ ճանապարհ ենք անցել, ունենք նվաճումներ, որոնցով հպարտանում ենք, ունենք նաեւ խնդիրներ, եւ Ձեր այցելությունը հնարավորություն կտա հստակեցնել մեր հետագա անելիքները»:

Յան Ֆիշերը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար եւ անդրադարձել ՎԶԵԲ-ի ու Հայաստանի միջեւ համագործակցության նոր ռազմավարության հիմնական դրույթներին: Նա, մասնավորապես, նշել է, որ ՎԶԵԲ-ը կարեւորում է փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցության ընդլայնման եւ մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացումը:

Նշելով, որ հետագա համագործակցության մասին կողմերի պատկերացումները համընկնում են, Տիգրան Սարգսյանն ընդգծել է ՓՄՁ վարկավորման գործիքների բազմազանության խթանման անհրաժեշտությունը եւ կարեւորել Եվրոպական բանկի կողմից տեխնիկական օժանդակության տրամադրումը: Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել առողջապահության, կենսաթոշակային, ֆինանսական հատվածի եւ ապահովագրության բնագավառներում գործակցության զարգացումը: Խոսելով ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հնարավորությունից' զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի ֆինանսավորմամբ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագիրը: Մասնավորապես' արծարծվել է սահմանային անցակետերի վերակառուցման ու արդիականացման գործում ՎԶԵԲ-ի մասնակցության հարցը: Յան Ֆիշերը նշել է, որ բանկը պատրաստ է քննարկել այդ ծրագրի իրականացմանն աջակցություն ցուցաբերելու հարցը:

ՎԶԵԲ-ի փոխնախագահը նաեւ բարձր է գնահատել ՀՀ կառավարության' գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները եւ հաստատել այդ գործում բանկի կողմից շարունակական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի աշխատանքները ղեկավարելու համար, ինչը վկայում է ՓՄՁ ոլորտի նկատմամբ ցուցաբերվող հոգածության մասին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ու ՀՀ կառավարության համագործակցության ընթացքից' կարեւորելով դրա շարունակականության ապահովումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում