Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն արձանագրել են, որ հայ- ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ի երեկոյան հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից,նշելով, որ պետական այցի շրջանակներում ՌԴ կառավարության ղեկավարի հետ հանդիպումը լավ հնարավորություն է հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարների քննարկման համար, Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ լավ մակարդակում: ՀՀ նախագահը նշել է, որ կառավարությունների միջեւ երկխոսությունը եւ ձեւավորված մթնոլորտը թույլ են տալիս քննարկել ցանկացած հարց:
«Մենք համարում ենք, որ իրականում մեր տնտեսական հարաբերությունները վատ չեն զարգանում: Ինչպես Դուք արդեն նշեցիք' անցյալ տարի մենք հասանք մինչեւ 1 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության ծավալների»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքով, մեր երկրի համար դա լուրջ թիվ է: Սերժ Սարգսյանը նշել է, որ օտարերկրյա ներդրումների 57 տոկոսը ռուսական ներդրումներն են, կան ռուսական կամ համատեղ մոտավորապես 1500 ընկերություններ, այսինքն, այդ իմաստով' աճ կա: Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ հումանիտար ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին, որոնք, նրա հավաստմամբ, եւս լավ են զարգանում: Ըստ նախագահի' ՌԴ իր այցի օրերին պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր քվոտաների մասին: «Իհարկե, մենք կցանկանայինք քննարկել նոր ծրագրերի հնարավորությունները, որոնք է՛լ ավելի կամրապնդեն մեր հարաբերությունները»,-ասել է նախագահ Սարգսյանը:
ՌԴ կառավարության ղեկավարը, ողջունելով Սերժ Սարգսյանին եւ նշելով, որ անչափ հաճելի է տեսնել նրան Ռուսաստան կատարած պետական այցի շրջանակներում, անդրադարձել է երկու երկրների միջեւ տնտեսական, այդ թվում' առեւտրատնտեսական հարաբերություններին:
Վլադիմիր Պուտինը եւս բարձր է գնահատել մի շարք ուղղություններով հաջողությամբ զարգացող հայ-ռուսական հարաբերությունները' նշելով, որ Հայաստանի վարչապետի հետ բոլորովին վերջերս հնարավորություն է ունեցել հանգամանորեն զրուցել երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի ինտենսիվ զարգացնելու լրացուցիչ անելիքների մասին: ՌԴ կառավարության ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթանում է աշխատանքային ռեժիմով: