2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ուկրաինայի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի կենտրոնական մրցավեճը՝ Հենրիխ Մխիթարյանի Դոնեցկի «Շախտյոր»-ի եւ Կիեւի «Դինամո»-ի միջեւ, ավարտվել է ոչ ոքի՝ 0:0 հաշվով: Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպանը մասնակցել է ողջ հանդիպմանը եւ իրեն բավականին ակտիվ դրսեւորել՝ հենակետային կիսապաշտպանի դիրքում:
Այս խաղից առաջ երկու թիմերն էլ ունեին 26-ական միավոր եւ զբաղեցնում էին մրցաշարային աղյուսակի վերջին երկու հորիզոնականները: Այդ առումով հանդիպումը շատ հետաքրքիր է ստացվել եւ արժանի է եղել առաջատարների պայքարին՝ ֆուտբոլասերների պահելով հաճելի լարվածության մեջ:
Այս ոչ- ոքին «հանքափորներին» թույլ է տվել պահպանելու մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքը' խփած եւ բաց թողած գնդակների լավագույն տարբերության շնորհիվ:
Հանդիպման 56-րդ րոպեին Հ. Մխիթարյանը զգուշացվել է գլխավոր մրցավարի կողմից, իսկ 95-րդ րոպեին մեր հավաքականի առաջատարը կարող էր նաեւ կարեւոր հաղթանակ պարգեւել իր թիմին, սակայն անկյունայինի խաղարկումից հետո նպաստավոր դիրքում հայտնված Մխիթարյանի հարվածը հաջող չի ստացվել:
Այսօր ուկրաինայի առաջնության իր հերթական հանդիպումը կանցկացնի նաեւ Գեւորգ Ղազաչյանի, Մարկոս եւ Կառլեն Մկրտչյանների թիմը՝ Դոնեցկի «Մետալուրգ»-ը՝ Լվովի «Կարպետներ»-ի հետ: