Գարեգին Բ-ն ընդունել է «Արմենիա» առագաստանավի անձնակազմին
2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է «Արմենիա» առագաստանավի անձնակազմին' գրող, հրապարակախոս Զորի Բալայանի ղեկավարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից,Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել, որ նավարկությունը բարեհաջող ընթացք է ունեցել: «Տեղյակ ենք այն խանդավառությանը, որ ձեր այցելություններով ստեղծում էիք հայ համայնքներից ներս' հպարտության զգացում փոխանցելով մեր զավակներին ձեր քաջարի այդ արարքով: Նմանատիպ երեւույթները նոր ոգեւորություն են ներարկում մեր զավակների հոգիներից ներս եւ լիցք են հաղորդում նրանց' շարունակելու իրենց ազգապահպան գործունեությունը», - նշել է Վեհափառ հայրապետը' իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցելով ներկաներին: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ հայ ժողովրդի մեջ այս իրադարձությունը կստանա լավագույն գնահատականը եւ կունենա իր արժեւորումը:
Այնուհետեւ Զորի Բալայանն «Արմենիա» առագաստանավի անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել Վեհափառ հայրապետին ջերմ ընդունելության համար:
Հանդիպումից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր տաճարում «Պահպանիչ» աղոթքով օրհնել է Իջման Ս. Սեղանի առջեւ ծնրադրած նավագնացներին' մեկ անգամ եւս մաղթելով նորանոր հաջողություններ իրենց հետագա ծրագրերում: