Մշակույթ

Շառլ Ազնավուրի փարիզյան համերգը կնվիրվի ՀՀ անկախության 20-ամյակին

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրի փարիզյան համերգը կնվիրվի ՀՀ անկախության 20-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանը կնշվի նաեւ արտերկրում: ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցիչները նախատեսել են մեծ ընդունելություններ, համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարեւորեց այն հանգամանքը, որ Բելգիայում, Գերմանիայում եւ Հոլանդիայում այդ օրերին կկայանա Հայաստանի երիտասարդական նվագախմբի համերգաշարը: «Արտերկրում նախատեսվում են նաեւ երիտասարդ լուսանկարիչների, գեղանկարիչների ցուցահանդեսներ»,- ասաց նա:

ՀՀ անկախության 20-ամյակին է նվիրված լինելու նաեւ աշխարհահռչակ երգահան, երգիչ Շառլ Ազնավուրի հատուկ համերգը Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում:

Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ շուտով հեռուստատեսությամբ կցուցադրվեն գերատեսչությունների գործունեությունն ամփոփող հոլովակներ: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք սպասվում են այլ պետությունների ղեկավարների այցեր Հայաստան, Վ. Սարգսյանը նշեց, որ որեւէ հատուկ հրավեր Անկախության 20-ամյա հոբելյանի հետ կապված որեւէ մեկին չի ուղարկվել: «Մենք չենք ակնկալում որեւէ պետության ղեկավարի այցելություն»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում