Գարեգին Բ-ն ընդունել է մանկավարժական բուհերի կոնսորցիումի անդամներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել Հայաստանի մանկավարժական բուհերի կոնսորցիումի հերթական նիստը'կոնսորցիումի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի նախագահությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մանկավարժական համալսարանից, կոնսորցիումի նիստին մասնակցել են Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Ֆրունզ Ղազարյանը եւ Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վահրամ Բալայանը:

Արցախի պետական համալսարանն այս նիստի ընթացքում դարձել է Հայաստանի մանկավարժական բուհերի կոնսորցիումի անդամ:

Նիստում քննարկվել են Միջբուհական կոնսորցիում հիմնադրամի կարգավիճակը, կանոնադրությունից բխող գործառույթները, նպատակներն ու հեռանկարային զարգացումը: Կոնսորցիումի զարգացմանը վերաբերող հարցերը ներկայացրել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռուբեն Միրզախանյանը: Քննարկվել են նաեւ միջբուհական կոնսորցիումի համալսարանների կարգավիճակի բարձրացման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ ՀՀ կառավարությանը ներկայացված առաջարկություններից բխող գործունեության եւ ժամանակացույցին վերաբերող հարցեր: Հիմնադրամի տնօրեն է ընտրվել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հոկոբյանը:

Նիստից հետո կոնսորցիումի անդամները մեկնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Վեհափառը կարեւորել է մանկավարժական բուհերի գործունեությունն ապագա սերնդի դաստիարակության գործում, եւ ընդգծել Հայ առաքելական եկեղեցու պատմության դասավանդման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի մանկավարժական համալսարաններում Հայ առաքելական եկեղեցու պատմության դասավանդման ուսումնական ծրագիր: Դրանով կառաջնորդվեն կոնսորցիումի անդամ բոլոր բուհերը:

Ռուբեն Միրզախանյանը կոնսորցիումի անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին նվիրել է «Բարոյախոսություն ըստ Անուշի» գոբելեն աշխատանքը, որի վրա հեղինակը' ՀՊՄՀ դիզայնի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը, աշխատել էր ավելի քան 10 տարի:

Հայերեն