Փաստ մեկնաբանությամբ

Լ. Ահարոնյան. «Երբ Հայաստանում կինը բռնության է ենթարկվում, բոլորը միաբերան նրան են մեղադրում»

4 րոպեի ընթերցում

Լ. Ահարոնյան. «Երբ Հայաստանում կինը բռնության է ենթարկվում, բոլորը միաբերան նրան են մեղադրում»

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց նկատմամբ սեռական բռնությունների դեմ պայքարում կարեւոր է դրանց բարձրաձայնումը: Այս դիտարկմամբ այսօր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակում կազմակերպված քննարկման ժամանակ հանդես եկավ «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի հիմնադիր Լարա Ահարոնյանը' մատնանշելով մի շարք արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը Հայաստանում:

Հայաստանում կանանց նկատմամբ սեռական բռնության պատճառների ու բռնության կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ քայլերի շարքում Լ. Ահարոնյանն առաջնահերթ առանձնացրեց էթնիկական աշխարհայացքային կարծրատիպերի վատթարագույն հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումները: «Երբ Հայաստանում կինը բռնության է ենթարկվում, բոլորը միաբերան նրան են մեղադրում, ոչ թե հանցագործին»,- նկատեց նա' շեշտելով, որ պետք է վերջ տալ «Ո՞ւր էիր», «Ի՞նչ էիր անում», «Ի՞նչ էիր հագել» եւ նմանատիպ մեղադրողական հարցերին: «Հենց այդ ճնշման սպառնալիքի եւ ամոթի կործանիչ մտավախությամբ են կանայք լռում Հայաստանում. նմանօրինակ դեպքերում վտանգվում է, փաստորեն, կնոջ պատիվը, անունը. այստեղ է սխալը»,- իրականացրած ուսումնասիրությունների հիման վրա հավաստեց Լ. Ահարոնյանը' պնդելով, որ կնոջը վարկաբեկելու փոխարեն անհրաժեշտ է բռնությունը կանխելու, հանցագործների դեմ արդյունավետ պայքարելու մեխանիզմները կատարելագործել:

Իսկ պահանջվող մեխանիզմների շարքում նա կարեւորեց տեղեկատվության տարածումը, մասնավորապես, Հայաստանի մարզերում: «Մենք այդպիսի քարոզարշավով 2010-ից ենք զբաղվում, պաստառներ ենք փակցրել կանգառներում, մետրոյում, այլուր, սակայն ավելի լայնամասշտաբ աշխատանքների համար բանակացություններ ենք վարում Երեւանի քաղաքապետարանի հետ, որը կարծում է' նմանօրինակ պաստառները ճնշող են»,- նշեց նա' այնուամենայնիվ պնդելով, որ դա արդյունավետ ուղի է:

Լուրջ աշխատանքներ են նախատեսվում ՀՀ ոստիկանության հետ, որի պաշտոնական վիճակագրական տվյալները հեռու են իրական պատկերից' առկա կաշկանդվածության եւ դրա հետեւանքով դեպքերը հնարավորինս կոծկել փորձելու միտման հետեւանքով: Նույնքան կարեւորվեց նաեւ սեռական դաստիարակաության հարցը Հայաստանում: «Դեռահասները, որոնք ապագայում սեռական կյանքով են ապրելու, անտեղյակ են մեծ մասամբ, նրանց հետ ոչ մեկը չի զրուցում, չի կրթում»,-փաստեց նա: Լ. Ահարոնյանը 2010-ի ընթացքում ստացված 120 զանգերից ներկայացրեց որոշ դեպքերի մանրամասներ, ըստ որոնց' անցյալ տարի գրանցված սեռական բռնությունների 35 տոկոսը կանանց նկատմամբ իրականացվել է ծանոթ մարդկանց կոողմից: «Թյուր է այն տարածված կարծիքը, թե սեռական ոտնձգությունները անծանոթների կողմից են իրականացվում»,- նկատեց Լ. Ահարոնյանը' նշելով, որ առավել հաճախ ահազանգում են նոր աշխատանքի ընդունված կանայք ու աղջիկները, որոնք ոտնձգություններ են արձանագրում վերադասների կողմից: «Նման դեպքերում առավել հաճախ կանայք նախընտրում են փոխել աշխատավայրը, որովհետեւ կարծում են' իրենց չեն հավատա, կամ ամաչում են»,- ցավով նշեց «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի հիմնադիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում