Քաղաքականություն

Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում

2 րոպեի ընթերցում

Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցին կողմ քվեարկեց 31 պատգամավոր, դեմ՝57, ձեռնպահ՝2, չի քվեարկել 4 պատգամավոր։ 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծով առաջարկվում էր սահմանել ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները:

Հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանը նշել էր, որ մինչ այժմ այս ոլորտի օրենսդրական կարգավորումների դաշտում առկա է պատկեր, որտեղ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության երաշխիքները եւ արտոնությունները տրամադրվում են տարբեր օրենքներում առկա հոդվածներով, Կառավարության, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների առանձին որոշումներով, սակայն, ըստ նրա, կարեւոր է դրանք մեկտեղել մեկ օրենքում։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագիծն ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկելուն, քանի որ հեղինակի կողմից առաջարկված իրավական կարգավորումներն արդեն իսկ առկա են օրենսդրական դաշտում։ 

«Սա է եղել Կառավարության դիրքորոշումը եւ այս դիրքորոշման հիման վրա նաեւ գլխադասային հանձնաժողովը չի հաստատել նախագիծը, եւ հարակից զեկուցմամբ հանձնաժողովն էլ միջնորդեց, որպեսզի դեմ քվեարկենք, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու»,- ասաց Կոնջորյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում