Քաղաքականություն

ԱԺ նախագահը ներկայացրել է ԱՊՀ գագաթնաժողովին և BRICS-ի համաժողովին մասնակցելու Հայաստանի որոշման պատճառները

2 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը ներկայացրել է ԱՊՀ գագաթնաժողովին և BRICS-ի համաժողովին մասնակցելու Հայաստանի որոշման պատճառները

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը չի կարող մերժել ԱՊՀ–ի ֆորմատը, որի հիմնական փաստաթուղթը՝ Ալմա-Աթայի հռչակագիրն, Ադրբեջանի հետ բանակցային խոսակցությունների մեջ որպես հիմք է դրված:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու որոշման վերաբերյալ հարցին:  

«ԱՊՀ-ի հիմքերից մեկը հանդիսանում է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով այսօր Հայաստանն իր բոլոր բանակցային ուղղություններով աշխատանք է տանում: Եվ մենք չենք կարող մերժել մի ֆորմատ, որի հիմնական փաստաթուղթը մեր բանակցային հիմնական խոսակցությունների մեջ որպես հիմք է դրված: Դա նաև անվտանգային առումով շատ կարևոր է»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով BRICS-ի առաջիկա գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության որոշմանը՝ ԱԺ նախագահն ասաց, որ տնտեսական առումով ՀՀ-ն կարևոր կապեր ունի այդ կառույցի անդամ որոշ երկրների հետ: Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանը չպետք է իրեն տարածաշրջանից դուրս դնի: «Այս իրավիճակում, երբ տարբեր պատժամիջոցներ են գործում, տարբեր ճանապարհներ են փնտրվում երկրների, գերտերությունների կողմից տնտեսական հոսքերը որևիցե ձևով տեղափոխելու, Հայաստանը պետք է իր շահերից ելնելով մասնակցի»,-նշեց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը չհամաձայնեց այն տեսակետին, թե այսպիսով ՀՀ իշխանությունները հետ են կանգնում դեպի ԵՄ գնալուց: 

«Հայաստանի իշխանությունը և ժողովուրդը նույն կարծիքին են: Մենք չպետք է մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ընկնենք: Մեր արժեքային համակարգը և տրամաբանությունը որևիցե ձևով չի փոխվել: Դա լինելու է Հայաստանի տնտեսության, իրավունքների, արժեքային համակարգին համահունչ ուղղություն: Եվ այդ ուղղությունը շարունակվում է»,-հավելեց նա:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում