Տնտեսություն

Հայաստանն ամենաշատն արտահանում իրականացրել է ԱՄԷ, իսկ ԵԱՏՄ և ԵՄ գնացող ծավալը նվազել է. փորձագետն անդրադարձել է պատճառներին

5 րոպեի ընթերցում

Հայաստանն ամենաշատն արտահանում իրականացրել է ԱՄԷ, իսկ ԵԱՏՄ և ԵՄ գնացող ծավալը նվազել է. փորձագետն անդրադարձել է պատճառներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանումն այս տարվա 7 ամսում՝ հունվար–հուլիսին, աճել է 2.2 անգամ՝ կազմելով 8 մլրդ 738 մլն 672.4 հազար դոլար, սակայն նվազել են թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ երկրներ արտահանման ծավալները: Հայաստանն ամենաշատ արտահանումն իրականացրել է Արաբական Միացյալ Էմիրություններ: «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը «Արմենպրես»-ի զրույցում ԵԱՏՄ և ԵՄ ուղղություններով նվազման համար մի քանի պատճառներ մատնանշեց:

Թավադյանի համոզմամբ՝ ոսկու մեծ ծավալներով արտահանումը քողարկում է իրական արտահանման անկումը: 

«Հայաստանից արտահանման 71 տոկոսը թանկարժեք, կիսաթանկարժեք քարերն ու մետաղներն են, որը քողարկել է այլ ուղղություններով մնացած ապրանքների անկումը»,-ասաց փորձագետը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանից արտահանման ծավալներով առաջատարն այս տարվա 7 ամսում Արաբական Միացյալ Էմիրություններն է՝ 3 մլրդ 954 մլն 218 հազար դոլարով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճը 7.7 անգամ է: Փորձագետը նման ծավալը, սակայն, պայմանավորում է ոսկու վերաարտահանումով: «Այս պահին մեր արտահանման գրեթե կեսը՝ մոտ 48 տոկոսը գնում է դեպի Էմիրություններ: Թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, մետաղները Ռուսաստանից գալիս և վերաարտահանվում են Էմիրություններ ու Չինաստան»,–ասաց Թավադյանը:

Նա հիշեցրեց՝ մինչ վերաարտահանման սկիզբը Հայաստանից արտահանումը կազմում էր շուրջ 3 մլրդ, 2021-ին ցուցանիշը 3 մլրդ 22 մլն էր:

Փորձագետը ընդգծեց, որ ՀՆԱ–ի ցուցանիշները վերանայվել և նվազեցվել են: Այս տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ի արժեքը 9.2 տոկոսից նվազել է 6.6 տոկոսի: Թավադյանի կարծիքով՝ գնահատված այդ 9.2 տոկոս աճի 4 տոկոսային կետը թանկարժեք քարերի և մետաղների՝ ոսկու վերարտահանման ազդեցությունն էր: Սակայն նա նաև նկատում է, որ ոսկու վերաարտահանումն արդեն իսկ կրճատվում է: «2024-ի մայիսից ՌԴ–ում ոսկու արտահանումն ազատականացվեց, իրենք ոսկու արտահանման որոշակի տուրք էին սահմանել, գործարարները ստիպված ԵԱՏՄ պետություններով էին արտահանումը կազմակերպում, որի դեպքում տուրք չէր գործում: Արդեն իսկ տեսնում ենք ոսկու արտահանման կրճատում»,-նշեց նա: 

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ թեև 7 ամսում Հայաստանից արտահանումն աճել է, սակայն թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ երկրներ արտահանումը նվազել է: ԵԱՏՄ երկրներ արտահանումը նվազել է 21.2 տոկոսով: Ռուսաստան արտահանումն այս տարվա 7 ամսում նվազել է 22.4 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ  645 մլն 460 հազար դոլար: ԵԱՏՄ երկրներից աճել է միայն դեպի Բելառուս արտահանումը 18.9 տոկոսով՝ կազմելով 61 մլն 703.5 հազար դոլար: 

Թավադյանը ԵԱՏՄ երկրներ արտահանման նվազումը կապում է մի քանի գործոնների հետ: Ըստ նրա՝ դրամը «թանկացել» է, ինչն արտահանողին ձեռնտու չէ: Բացի այդ՝ 2022-ին գրանցված արտահանման աճը հիմնականում պայմանավորել են կարճաժամկետ երևույթներ, որոնք անցնում են, մասնավորապես՝ վերաարտահանումը: Հայաստանից ավտոարտահանման ճյուղը, նրա գնահատմամբ, անկում է ապրել:

«Գյուղատնտեսական ապրանքների՝ մրգի և բանջարեղենի արտահանումը մոտ 2 անգամ աճեց 2022-ի ընթացքում: Սակայն դրանից հետո ունենք անկում: Ռուսաստանի շուկան այդ ժամանակ, պատժամիջոցներով պայմանավորված, խառնաշփոթի մեջ էր, սակայն դրությունն արդեն կարգավորվել է, այլ ճանապարհներով են ներմուծում ապրանքները: 2022-ին մեր արտահանումն աճեց ոչ թե որակի, այլ քանակի հաշվին»,–ասաց փորձագետը:

Հունվար-հուլիսին նաև դեպի Եվրամիության երկրներ արտահանումն է նվազել 26.3 տոկոսով․ թեև ԵՄ որոշ առանձին երկրներ արտահանումն աճել է։ Օրինակ, Իտալիա արտահանումն աճել է 7.8 տոկոսով՝ կազմելով 38 մլն 958.5 հազար դոլար: Սլովակիա արտահանումն աճել է 20.8 տոկոսով՝ կազմելով 29 մլն 366.7 հազար դոլար: Աճել են նաև Չեխիա, Ռումինիա, Հունգարիա արտահանման ծավալները, նվազել է, օրինակ, դեպի Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան արտահանումը:

Փորձագետը նշեց, որ ԵՄ երկրներ արտահանման մոտ 90 տոկոսը հանքաքարը, սև մետաղներն են: Մոտ 8 տոկոսը տեքստիլն է, մնացածը՝ խառը ապրանքներ: Նա նշեց, որ, եթե 2021-ին Հայաստանից ընդհանուր արտահանման 21 տոկոսը բաժին էր ընկնում ԵՄ-ին, ապա այս պահին «վերարտահանման փուչիկային աճով» և ԵՄ արտահանման նվազմամբ պայմանավորված՝ ընդհանուր արտահանման ընդամենը 3.6 տոկոսն է բաժին հասնում ԵՄ-ին: 

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում