Հայաստան

Վարչապետն առաջարկում է ռեյտինգավորել համայնքների խնդիրները և ներկայացնել Կառավարությանը

3 րոպեի ընթերցում

Վարչապետն առաջարկում է ռեյտինգավորել համայնքների խնդիրները և ներկայացնել Կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ բնակավայրերի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է իր տարածած տեսանյութում՝ այս համատեքստում առաջարկ ներկայացնելով բնակավայրերի բնակիչներին։

«Այս ընթացքում մեզ հաջողվել է լուծել բազմաթիվ բնակավայրերի բազմաթիվ պրոբլեմներ։ Եվ հիմա, տեսնելով, որ պրոբլեմները լուծվում են ու ոչ միայն բարձրացվում, տարբեր բնակավայրերի մեր սիրելի հայրենակիցները իմ պաշտոնական կամ ոչ պաշտոնական այցելությունների ընթացքում իրենց բնակավայրերի բոլոր մնացած տասնյակ պրոբլեմները հասկանալիորեն բարձրացնում են իմ առաջ», - իր խոսքում նշել է վարչապետը՝ այդուհանդերձ, հավելելով, որ խնդիրը կայանում է նրանում, որ եթե հիմա Կառավարությունը ձեռնամուխ լինի այդ բոլոր խնդիրների լուծմանն, ապա մեծ է հավանականությունը, որ դրանցից որևէ մեկը նորմալ լուծում չի ստանա։ 

Վարչապետի դիտարկմամբ՝ օբյեկտիվորեն հնարավոր չէ բոլոր խնդիրները միանգամից լուծել։ 

«Ի՞նչ եմ առաջարկում և առաջարկել բազմաթիվ բնակավայրերում և հիմա էլ դա անում եմ հրապարակային, որ մեր բնակավայրերի սիրելի բնակիչները հավաքվեն, քննարկեն և իրենց բնակավայրերի պրոբլեմները ռեյտինգավորեն․ պրոբլեմ՝ թիվ մեկ, երկու, երեք։ Մնացած՝ չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և այլ պրոբլեմները թողնեն մի կողմ», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վերջինիս խոսքով՝ ըստ այդմ, երբ բնակավայրերի բնակիչները հնարավորություն կունենան հանդիպել Կառավարության ներկայացուցիչներին կամ հենց իրեն, իսկ այդ հնարավորությունները, վարչապետի դիտարկմամբ, շատ են լինում, այդ խնդիրները կդնեն Կառավարության անդամների առաջ՝ ռեյտինգավորված տրամաբանությամբ։

«Այդ կերպ մեզ հնարավորություն կտաք, որպեսզի բնակավայրի հետագա պրոբլեմների լուծումը շարունակենք այս ռեյտինգավորված տրամաբանությամբ, ինչը կազմակերպչական շատ մեծ ներդաշնակություն կտա պետական ինստիտուտների, համայնքի և համայնքի բնակիչների միջև։ Ահա սա է իմ կազմակերպչական առաջարկը», - նշել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ ՀՀ բնակավայրերի բնակիչները կքննարկեն, կռեյտինգավորեն իրենց բնակավայրի խնդիրները և հենց այս տրամաբանությամբ արդեն առաջիկա հանդիպումներում կներկայացնեն Կառավարությանը։    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում