Փոդքասթ

Podcast. «Վիզուալ Հայաստան»-ը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես վերապատրաստում իրականացնող կառույց

5 րոպեի ընթերցում

Podcast. «Վիզուալ Հայաստան»-ը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես վերապատրաստում իրականացնող կառույց

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որակյալ կրթությունն է ապահովում մրցունակ, ապագայի մարտահրավերներին պատրաստ և բարձր արտադրողականություն ունեցող սերունդ։ Այսպիսի սերունդն է ի վիճակի լուծել բարդ խնդիրներ, բռնել կայուն զարգացման ուղին ու դառնալ առաջադեմ։ Կրթության որակի բարձրացման, կրթությունն ավելի նորարար և գրավիչ դարձնելու ժամանակակից մեթոդների մասին «Արմենպրես» Podcast-ի շրջանակում զրուցել ենք «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանի հետ։ 

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամն ավելի քան երեք տարի իրականացնում է ծրագրեր՝ ուղղված կրթության արդիականացման միջոցով մարդկային կապիտալի զարգացմանը։  

«Մեր առաքելությունն է կրթության արդիականացման միջոցով կերտել ապագայի մարտահրավերներին պատրաստ մրցունակ սերունդ։ Մեր ծրագրերն իրականացնելիս առաջին հերթին վեր ենք հանում խնդիրները, վերլուծում դրանք խորությամբ, գտնում արդյունավետ և համակարգային լուծումներ, ապա անցնում իրագործմանը։ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը մշակում և իրականացնում է այնպիսի ծրագրեր, որոնք առաջարկում են նորարար համակարգային լուծումներ Հայաստանի կրթության ոլորտի տարբեր խնդիրներին։  Հենց այդ խնդիրների վերհանման արդյունքում ստեղծվեց «Աշխարհացույց» նորարարական կրթական ծրագիրը, որի նպատակն է առաջադեմ կրթական գործիքների, մեթոդաբանության և ուսուցիչների կարողությունների համալիր զարգացման միջոցով նպաստել Հայաստանի կրթական ոլորտի զարգացմանը։ Այն իր շուրջ ձևավորել է մեծ ուսուցչական և աշակերտական համայնք։ 

«Աշխարհացույց»-ը գործում է brainograph.com հարթակում, որը ստեղծվել է գիտական մտքի, տեխնոլոգիական լուծումների և ուսուցման ժամանակակից մեթոդների համատեղությամբ՝ հնարավորություն տալով կրթական բովանդակությունը դարձնել պատկերավոր, հետաքրքիր և հանրամատչելի։ «Աշխարհացույց»-ն առաջարկում է առարկաների դասավանդում ամբողջովին նոր մոտեցմամբ։ Ինտերակտիվ նորարարական կրթական այս հարթակը վիզուալիզացիայի միջոցով առավելագույնս արդյունավետ և հետաքրքիր է դարձնում դասը։ Հարթակն իրենից ներկայացնում է ակադեմիական բովանդակություն՝ հազարավոր հոդվածներ, մշակված և թվայնացված ճշգրիտ պատմական քարտեզներ, հարստացված տեսապատկերներ և տեսանյութեր։ 

Անդրադառնալով «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցութային ծրագրին՝ Հովհաննես Ղազարյանն ասաց, որ դպրոցներն այս տարի 100 սմարթ էկրան են շահել և հիմա բաշխման գործընթացն է։ 

«Կրթության արդիականացմանն ուղղված «Աշխարհացույց» նորարարական կրթական ծրագրի իրագործման տարբեր փուլերում բախվել ենք դպրոցներում տեխնիկական միջոցների սղության, ավելի հաճախ՝ բացակայության խնդրին։ Կարիքի առաջնահերթությունից ելնելով՝ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակում մշակել է «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցութային ծրագիրը։ Ծրագիրը նախագծային ուսուցման խթանման միջոցով դպրոցներին հնարավորություն է տալիս մրցութային կարգով վաստակել նոր սերնդի ինտերակտիվ սմարթ-էկրաններ։ 2023 թվականին մրցույթի հաղթող է դարձել 40 դպրոց և արժանացել է սմարթ-էկրանների։ Այս տարի այդ թիվն աճել է՝ հասնելով 100-ի։ Դպրոցներին ժամանակակից շունչ տալուն միտված ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի հովանավորության շնորհիվ»,-ներկայացրեց Հովհաննես Ղազարյանը։ 

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամն արդեն երեք տարի է իրականացնում է ուսուցիչների վերապատրաստման ծրագիր։ Վերապատրաստման ծրագրի  նպատակն է սովորեցնել ուսուցիչներին օգտվել «Աշխարհացույց»-ից՝ տալով նրանց ՏՀՏ ժամանակակից գիտելիքներ, սովորեցնել դասի պլանավորման, հարթակի կիրառման բազմաթիվ հմտությունների  և այդ մեթոդների միջոցով մատուցել 21-րդ դարի կրթական պահանջներին համահունչ դասապրոցես։ Ծրագրի կարգախոսն է՝ սովորիր, կիրառիր, կիսվիր։ 

Հիմնադրամը սահմանել է ուսուցչի մենթորական կարողությունների զարգացման կրթաթոշակ, որի նպատակն է  ձևավորել մենթոր-ուսուցիչների կուռ համայնք՝ տալով նրանց հաղորդակցման, առաջնորդական, մեթոդամանկավարժական հմտություններ ու մասնագիտական ժամանակակից գործիքակազմ»,-նշեց Ղազարյանը։  

 

Զրույցի մանրամասները լսեք Podcast-ում։

Տաթև Զաքարյան 

 

 

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում