Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-31/24. Հուսիկ Արա, Նացուկավա, Հարարի

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-31/24. Հուսիկ Արա, Նացուկավա, Հարարի

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն 

Հուսիկ Արա, «Երբ սիրում եմ քեզ»

458448530_850285220538002_1551662112281021434_n.jpg

Գիրքը հիմնականում ամփոփում է Հուսիկ Արայի սիրային և հոգևոր թեմաներով գրված նոր բանաստեղծությունները: Այդ առումով ներկայացվող գիրքը որոշակի վկայություն է նաև հեղինակի այն հավատամքի, որ բանաստեղծությունը նախ Սեր է և Աստված: 

Ժողովածուն ամբողջացնելու նպատակով ներառված են այլ բանաստեղծական շարքեր ևս. «Գարնան և սիրո ջարդը», «Երևան՝ նռնագույն քաղաք», և պարզապես հոգեվիճակներ: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 

Մանկապատանեկան գրականություն 

Սոսուկե Նացուկավա,  «Կատուն, որը փրկեց գրքերը»

457273573_1779161449160021_1574453106866192883_n.jpg

Ճապոնացի հայտնի գրող Սոսուկե Նացուկավայի «Կատուն, որը փրկեց գրքերը» ստեղծագործությունը պատմում է Ռինտարո անունով մի տղայի մասին, որը պապիկի մահից հետո ժառանգում է փոքրիկ բուկինիստական գրախանութը: Անհույս ու ընկճված վիճակում գտնվող տղան, սակայն, շուտով ծանոթանում է մի խոսող կատվի հետ, որը բացահայտում է նրա համար իրական գրքերի աշխարհը, օգնում ազատել գրքերը խենթ գաղափարների լաբիրինթոսներից ու վերգտնել կյանքի նկատմամբ լավատեսությունն ու կենսուրախությունը:

Այս գիրքը լավագույն նվերը կլինի բոլոր գրքասերների, հատկապես՝ կարդալու մոգությունը նոր-նոր բացահայտող դեռահասների համար:

Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը, թարգմանիչ՝ Լուսինե Քիշմիրյան, խմբագիր՝ Վահե Ղուկասյան:

Փաստավավերագրական գրականություն 

Յուվալ Նոյ Հարարի, Nexus

457456215_1953335175094827_262004356218412237_n.jpg

Վերջին 100,000 տարում մենք՝ սապիենսներս, հսկայական ուժ ենք կուտակել: Ու չնայած մեր բոլոր հայտնագործություններին, գյուտերին և նվաճումներին՝ այժմ բախվել ենք գոյաբանական ճգնաժամի: Աշխարհը բնապահպանական կործանման եզրին է: Ապատեղեկատվությունն ահռելի չափի է հասել: Ու այս ամենի ֆոնին մենք գլխապատառ նետվում ենք դեպի ԱԲ դարաշրջան: Տեղեկատվական նոր ցանց, որը սպառնում է ոչնչացնել մեզ: Այսքան բանի հասնելուց հետո ինչո՞ւ ենք մենք՝ սապիենսներս, այդքան ինքնաոչնչացվող տեսակ:Nexus-ում Հարարին կրկին խոշորացույցի տակ է վերցրել մարդկության պատմությունը։ Այս անգամ նա ուսումնասիրում է, թե ինչպես է տեղեկատվության հոսքը ձևավորել մեզ ու մեր աշխարհը: Ճանապարհորդությունը սկսելով Քարի դարից մինչև Աստվածաշնչի կանոնիկացում, վաղ միջնադարյան վհուկորսից հասնելով ստալինիզմին, նացիզմին և մեր օրերում պոպուլիզմի վերելքին՝ Հարարին մեր ուշադրությունը հրավիրում է տեղեկատվության և ճշմարտության, բյուրոկրատիայի ու առասպելաբանության, խոհեմության և իշխանության խճճված կապի վրա:Նա բացատրում է, թե հասարակությունները և քաղաքական համակարգերը պատմության ընթացքում ինչպես են ինֆորմացիան կիրառել իրենց լավ կամ վատ նպատակներին հասնելու համար: Տեղեկատվությունը բացարձակ ճշմարտություն չէ, ոչ էլ սոսկ զենք: Nexus-ը բացահայտում է այս երկու ծայրահեղությունների ոսկե միջինը:

Թարգմանիչներ՝  Դավիթ Սարգսյան, Լիանա Զաքարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։ 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում