Հասարակական

Արամ Առաջին. «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, մեր պահանջատիրությունը պետք է ավելի շեշտավորվի»

2 րոպեի ընթերցում

Արամ Առաջին. «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, մեր պահանջատիրությունը պետք է ավելի շեշտավորվի»

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մեր պահանջատիրությունը պետք է ավելի շեշտավորվի: Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի առաջին նիստում, որին մասնակցում էին նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այս մասին նշեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Առաջինը: Նրա խոսքով' 100-ամյակին ընդառաջ պետք է մտածել հստակ գործողությունների մասին, «քանի որ այն սովորական տարելից չէ»: «Մեր ժողովուրդն արյուն է թափել, կորցրել 1,5 մլն մարդ, հող: Մենք յուրաքանչյուր տարի ապրիլի 26-ին հոգեհանգստի արարողություններ ենք կազմակերպում, բայց արդյո՞ք պետք է ամեն տարի նույն ձեւով շարունակենք: Մեր մոտեցումը, շեշտը պետք է փոխվի: Հայաստանն այս հարցում պետք է գործի որպես պետություն, իսկ Սփյուռքը' իրավազրկված ժողովուրդ' միասնաբար, ներդաշնակ կերպով»,- նկատեց Արամ Առաջինը' այս համատեքստում կարեւորելով պահանջատիրությանն ուղղվածք քայլերի իրագործումը:

Նա ողջունեց Ս. Սարգսյանի եւ ընդհանրապես, հանրապետության արտաքին քաղաքականությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին տարվող ճկուն աշխատանքները: «Երբ մեր հայրենիքը Խորհրդային Միության կազմում էր, մենք, Սփյուռքում խոսելով Ցեղասպանության ու պահանջատիրության մասին, միշտ նշում էինք, որ մեր ժողովրդի իրավատերը Հայաստանն է: Այսօր ավելի բարձրաձայն, ինքնավստահությամբ ասում ենք եւ կասենք, որ մեր ժողովրդի իրավատերը Հայաստանն է' իր պետությամբ եւ իշխանությամբ: Ուրախ եմ, որ այս գիտակցությամբ, նախանձախնդրությամբ եւ հանձնառությամբ է գործում մեր հայրենիքը»,- ասաց Արամ Առաջինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում