2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին կհրատարակվի «Ֆարմա» դեղագործական գիտագործնական հանդեսի առաջին համարը: Այն հրատարակվում է Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության նախաձեռնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը, այն նախատեսված է դեղագործների, առողջապահական հիմնարկների բժշկական անձնակազմի համար:
Հանդեսում կզետեղվեն դեղագործական ոլորտի մասին պատմող վերլուծական, հետազոտական աշխատանքներ, տեղեկատվական նյութեր: Նախատեսված են հրապարակումներ արտադրվելիք դեղերի մասին, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ տարբեր երկրների մասնագետների եւ բժիշկների կարծիքները: Ս. Զաքարյանի խոսքով` հանդեսը կարեւորվում է նրանով, որ մասնագետներին հնարավորություն կտրվի ավելի մանրամասն եւ բազմակողմանի ծանոթանալ դեղերին, դեղարտադրության ոլորտի նորություններին:
Ամսագիրը տրամադրվելու է բացառապես անվճար, այն լույս է տեսնելու եռամսյակը մեկ: Առաջին համարը պատրաստման փուլում է, նախատեսված է 5 հազար տպաքանակ: «Մեր նպատակը շահույթ հետապնդելը չէ, ցանկանում ենք դեղագործական ոլորտի աշխատակիցներին ներկայացնել մասնագիտական նյութեր, ոլորտում առկա նորույթները:
Մենք ունենք որակյալ մասնագետներով համալրված խմբագրակազմ, որն էլ կզբաղվի նյութերի հարցերով»,-ասաց միության գործադիր տնօրենը: Միությունն արդեն հստակեցրել է տեղեկատվական բազան, որում ընդգրկված են տվյալներ բժիշկների, բուժհաստատությունների վերաբերյալ` ամսագրերն անվճար հատկացնելու համար: