Եվրոպա

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգը դժվարությամբ է դիմակայում Իսպանիայում և Ֆրանսիայում բռնկված հրդեհներին, որոնք շարունակում են ծանրաբեռնել տեղական ռեսուրսները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Հրդեհները գերազանցում են արձագանքման հնարավորությունները։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 80 000 հեկտար տարածք Իսպանիայում և ավելի քան 42 000 հեկտար՝ Ֆրանսիայում։ Հրդեհները, որոնք ստիպել են 320 000 մարդու լքել իրենց տները, դեռևս ամբողջությամբ վերահսկողության տակ չեն առնվել։

Եվրոպական միությունը նշված երկու երկրներին աջակցելու նպատակով իրականացնում է իր պատմության մեջ ամենախոշոր ծրագիրը։ Բրյուսելն ընդունում է, որ հրդեհները ձեռք են բերել աննախադեպ մասշտաբներ՝ տարածվելով ավելի արագ, քան հրշեջները կարողանում են դրանք վերահսկողության տակ առնել։ Ճգնաժամը նաև ցույց է տվել, որ արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգերի վրա աճող ծանրաբեռնվածությունն ազդել է խոշորածավալ աղետների դեպքում գործելու՝ միության կարողության վրա։

Հումանիտար օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Հաջա Լահբիբն ավելի վաղ հաստատել էր, որ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը գերծանրաբեռնված է, սակայն ընդգծել էր, որ այն գործում է։

Այնուամենայնիվ, Բրյուսելը մտադիր է ավելացնել հրդեհաշիջման ինքնաթիռների քանակը և արտակարգ իրավիճակների անդրսահմանային արձագանքման կարողությունները։ ԵՄ պաշտոնյաները փաստել են, որ կլիմայի փոփոխությունը երկարաձգում է անտառային հրդեհների սեզոնը, և որ այդ հրդեհների հետևանքները գնալով ավելի ծանր են դառնում՝ համեմատած ընդամենը մի քանի տարի առաջվա իրավիճակի հետ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում