Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այցելել է ՍԾՏՀ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) ՀՀ Մշտական ներկայացուցչություն է այսօր այցելել Թուրքիայի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արամ արքեպ. Աթեշյանը հանգամանալից զրույց է ունեցել ՍԾՏՀ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միքայել Վարդանյանի հետ:
Քննարկվել են Թուրքիայի հայկական համայնքին հուզող խնդիրներ, ընդգծվել է Հայաստանի մշտական ներկայացուցչության համայնքային կառույցների հետ կապի անհրաժեշտությունը: Միքայել Վարդանյանը ներկայացրել է ՍԾՏՀ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչության գործունեության հիմնական ուղղությունները եւ ձեռքբերումները: Արամ արքեպ. Աթեշյանն ու Միքայել Վարդանյանը պայմանավորվել են առաջիկայում եւս շարունակել հանդիպումները եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: