Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով այս տարի մայիսի 29-ին առաջին անգամ կնշվի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի օրը: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այդ օրը բրիգադին կհանձնի մարտական դրոշը: 2007թ-ի սեպտեմբերի 1-ից ՀՀ ԶՈւ խաղաղարար գումարտակը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով վերակազմավորվել է խաղաղապահ բրիգադի:

Ըստ նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի` սկսվել է անձնակազմի եւ սպառազինության համալրումը, որին զուգընթաց պաշտպանական բարեփոխումների ծրագրի համաձայն` ներկայումս աշխատանք է տարվում նոր ուսումնական ծրագրերի ուղղությամբ: Մինչեւ 2015թ-ը բրիգադն ամբողջությամբ պետք է համալրվի անձնակազմով, տեխնիկայով, սպառազինությամբ: Ա.Սիմոնյանի խոսքերով` եթե 2007-2008թթ-ին դժվարությամբ էր ընթանում համալրումը, ապա 2009-2010թթ-ի ընթացքում բավական առաջընթաց կա. մոտ 400 զինծառայող է ընդունվել բրիգադ պայմանագրային ծառայության, ներկայումս եւս 400 դիմումատու կա, որոնցից կեսից ավելին կհամալրի բրիգադի շարքերը: Համալրումն ընթանում է ըստ ժամանակացույցի:

Առաջին պայմանագիրն ստորագրվում է երեք ամիս ժամկետով, համագործակցության շարունակման որոշման դեպքում երկարացվում է երեք տարով: Հրամանատարի խոսքով` զինծառայողների ճնշող մեծամասնությունը երեք տարի անց պայմանագիրը երկարաձգում է հինգ տարով, քանի որ մեծանում է հետաքրքրությունը ծառայության նկատմամբ: «Եթե ցանկանում ենք ուժեղ եւ պատրաստված բանակ ունենալ, պետք է եւ սեփական փորձն ու ձեռքբերումներն անընդհատ կատարելագործել, եւ տարբեր երկրների զինված ուժերի առաջավոր փորձն ուսումնասիրել, օգտագործել` մեր բանակին, մեր մտածելակերպին, մեր տեղանքին համապատասխան»,-ասաց բրիգադի հրամանատարը` խոսելով Հայաստանի խաղաղարար ուժերի անցած ճանապարհի եւ իրականացրած առաքելությունների մասին:

2004թ-ի փետրվարից հայ խաղաղապահները հունական զինուժերի կազմում առաքելություն են իրականացնում Կոսովոյում, 2005թ-ի հունվարից մինչեւ 2008թ-ի հոկտեմբերը լեհական բազմազգ դիվիզիայի կազմում` Իրաքում, իսկ այս տարվա հունվար-փետրվարից արդեն` Աֆղանստանում` Գերմանիայի Դաշնության զինված ուժերի կազմում: «Նոր առաքելության մասնակցելով` հարաբերությունները ՆԱՏՕ-ի, միջազգային տարբեր կառույցների հետ ընդլայնվում են, մեր ունեցած փորձը Կոսովոյից եւ Իրաքից հետո դրականորեն ներդրվում է Աֆղանստանում առաքելության գործում»,-ընդգծեց գնդապետ Ա.Սիմոնյանը: ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 40 հոգանոց զորախումբը պատասխանատու է Կունդուզում բազայից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող օդանավակայանի շենքի եւ թռիչքուղու անվտանգության ապահովման համար, բացի դրանից, բազայի շուրջ տեղակայված անցագրային կետերից մեկը եւս հսկում են հայ խաղաղապահները գերմանական ուժերի հետ միասին:

Հայ խաղաղապահները ծառայության կարճ ժամանակահատվածում հասցրել են պարգեւատրվել: Բրիգադի հրամանատարի խոսքերով` գերմանացի հրահանգիչները Հայաստանից հենց առաջին այցից լավ տպավորություններով են մեկնել եւ փոխանցել դրանք գերմանական հրամանատարությանը, որից անմիջապես հետո ստորագրվել է երկկողմ համաձայնագիր, եւ զորախումբը Աֆղանստան գործուղվելուց առաջ վերապատրաստում է անցել Գերմանիայում: Ըստ Ա.Սիմոնյանի` վերապատրաստումը նախատեսված էր բավական երկար ժամանակի համար, սակայն ի ուրախություն գերմանական կողմի` հայ խաղապահների մասնագիտական պատրաստվածությունը հնարավորություն է տվել շատ կարճ ժամանակում ավարտել վերապատրաստումը եւ գործուղվել Աֆղանստան:

Գերմանական բազայում արդեն իսկ շատ լավ տրամադրվածություն կար հայկական զորախմբի նկատմամբ: Զորախմբի ավագ, փոխգնդապետ Արկադի Տոնոյանն իր փորձառությամբ անվտանգության նորմերի ապահովման հետ կապված առաջարկներ է արել, որոնք ընդունվել է գերկմանական կողմից: Գերմանացի հրամանատարը զարմացել է, թե ինչու մինչ հայկական զորախմբի տեղակայումն այդ առաջարկությունները չեն հնչել գերմանական զինուժի կողմից: Ծառայության հենց առաջին օրը հայ խաղաղապահները կարողացել են տարբեր տեսակի եւ տարբեր ժամանակների պայթուցիկ նյութեր հայտնաբերել, որոնք անմիջապես դուրս են բերել տարածքից, վտանգը վերացվել է: Բացի դրանից, Կունդուզի օդանավակայանի շենքի պահպանության կազմակերպման գործում եւս նոր առաջարկներ են եղել, որոնք ընդունվել են:

Տասնյոթ զինծառայողներ պարգեւատրվել են: Ինչ վերաբերում է տարբեր երկրների ներկայացվուցիչների հայտարարություններին Աֆղանստանից զորքերի դուրսբերման վերաբերյալ, ապա, ըստ գնդապետ Ա.Սիմոնյանի, հայտարարությունները կան, սակայն, դեպքերի զարգացումներին հետեւելիս կարելի է տեսնել, որ ոչ միայն դուրս չեն բերվում ուժերը, այլեւ ավելացվում է զինծառայողների թիվը: Աֆղանստանում հայ խաղաղապահների հերթափոխը սպասվում է օգոստոսի կեսերին: Պատասխանելով վտանգների մասին լրագրողի հարցին` բրիգադի հրամանատարը նշեց, որ 2004թ-ի փետրվարից, երբ հայկական ուժեր սկսել են առաքելությունը, արձանագրվել է վիրավորվելու մեկ դեպք: Իրաքում վիրավորված կապիտան Գեորգի Նալբանդյանը շարունակում է ծառայությունը ՀՀ Զինված ուժերում, առաջիկայում նա գործուղվելու է ԱՄՆ երկարատեւ ուսման: «Մենք հույսեր ենք կապում մեր սպայի ապագայի հետ: Նա կրթված եւ պատրաստված սպա է, եւ մենք ակնկալում ենք ծառայողական հետագա առաջընթաց»,-նշեց գնդապետը: Նշենք նաեւ, որ հունիսի 2-ին հայրենիք կվերադառնան Կոսովոյում առաքելություն իրականացնող զինծառայողները, հաջորդ օրը կմեկնի նոր հերթափոխը` բաղկացած 70 զինծառայողից:

Հայերեն