1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման կենտրոնական հանձնախմբին, որում ընդգրկված են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Հանձնախմբի անդամները Վեհափառ Հայրապետին ներկայացրել են նախորդ հանդիպումներում հստակեցված այն ծրագրերը, որոնք կիրականացվեն ապրիլին կայանալիք նահատակների ոգեկոչման արարողության ժամանակ:
Վեհափառ Հայրապետը, ծանոթանալով ներկայացված ծրագրերին, ընդգծել է, որ անհրաժեշտ է շեշտը դնել ազգային միասնականության, Ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի կողմից նրա ուրացման քաղաքականության վրա: Նորին սրբությունը հավաստիացրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը միշտ զորավիգ կլինի հայ ժողովրդի իրավունքների ձեռքբերման ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքներում: