Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության տասնամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության տասնամյակի առիթով Նորին Սրբությանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտ ԺԶ Պապը: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնից Մայր Աթոռի մամլո դիվանից, ուղերձում ասվում է. «Փառք ենք տալիս Աստծուն այն օրհնության համար, որ Նա տվել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն` Ձերդ Սրբության ծառայության միջոցով: Մեզ հայտնի է նաեւ Ձեր անձնական նվիրումը Հայ Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ երկխոսության, համագործակցության եւ բարեկամության հանդեպ... Աղոթում ենք, որ մեր միջեւ հաստատված բարի հարաբերությունները շարունակեն աճել գալիք տարիներին: Անցած դարավերջում Հայոց Եկեղեցին վերագտավ անկախությունը, ինչը ուրախություն պատճառեց համայն աշխարհի քրիստոնյաներին: Եկեղեցական կյանքը վերակառուցելու հսկայական աշխատանքը ընկավ Ձեր ուսերին: Նման կարճ ժամանակահատվածում ձեռքբերվածն իրապես նշանակալի է. նոր նախաձեռնություններ երիտասարդների քրիստոնեական դաստիարակության, եկեղեցականների պատրաստության, նոր համայնքների հաստատման, նոր եկեղեցիների եւ համայնքային կենտրոնների կառուցման, ինչպես նաեւ ազգի հասարակական եւ մշակութային կյանքում քրիստոնեական արժեքների հաստատման ուղղությամբե: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են առաքվել շնորհավորագրեր նաեւ այլ քույր- եկեղեցիների պետերից, Հայ Եկեղեցու Նվիրապետական աթոռներից, թեմակալ առաջնորդներից եւ ՀՀ պետական այրերից, Մայր Աթոռի բարերար հայորդիներից եւ հասարակական գործիչներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում