2 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը այսօր հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին կաթողիկոսարանի մամլո ծառայությունից, ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպումը ընդգրկել է մի շարք հարցեր: Սիրիահայ համայնքի անունից Վեհափառ Հայրապետը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի զավակների նկատմամբ Սիրիայի պետության ու հատկապես նախագահի ցուցաբերած սիրո եւ ուշադրության համար: Բ. Ասադը իր հերթին գնահատանքով է արտահայտվել երկրի թե հասարակական, եւ թե տնտեսական ոլորտի բարգավաճման հարցում հայկական համայնքի դրական ներկայության եւ նպաստի համար: Վեհափառ Հայրապետը ընդգծել է սիրացի արաբ ժողովրդի ասպնջական ոգին, որի շնորհիվ Հայոց ցեղասպանությունից ճողոպրած հայ ժողովրդի զավակները կարողացել են վերակազմակերպել իրենց եկեղեցական ու ազգային կյանքը Սիրիայում: Այնուհետեւ զրուցակիցները անդրադարձել են Լիբանանի ներկայիս կացությանը եւ Միջին Արեւելքին առնչվող հարցերի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրություններին: Շեշտվել է քրիստոնյա-իսլամ երկխոսությունը ավելի խորացնելու անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ Վեհափառը տեղեկացրել է նախագահին իր կատարած աշխատանքների մասին: Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը հուշանվեր է ընծայել Սիրիայի նախագահին: